Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոսկու գինը տատանվում է

Տնտեսություն

Հունիսի համեմատ ոսկու գինը 300 դրամով իջել է, բայց նախորդ շաբաթվա համեմատ այն աճել է 63 դրամով: Անկախ գնային տատանումներին' գնորդները պակասել են:

Խորենացի փողոցի վրա գտնվող, ինչպես նաեւ Տաշիրի ոսկու շուկաների աշխատողները  դժգոհում են, որ օրերով ոսկու գնորդներ չեն լինում:

«Ճգնաժամի շունչը երեւում է մեր շուկայում: Եթե նույնիսկ գնորդներ էլ լինում են, ապա ոչ տեղացի, այլ սփյուռքահայ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ոսկու վաճառող Կարենը: Նրա ներկայացմամբ' առանց այդ էլ գնորդներ չկային, իսկ հիմա երբ գները այդքան բարձրացել են, մարդիկ շատ փոքր ծավալի ոսկի են գնում:

Այսօր  շուկաներում արված հարցումները ցույց տվեցին, որ ոսկու զարդի 1 գրամը վաճառվում է 17.1-18 դոլար, անխառն ոսկու 1 գրամը' 30.6 դոլար:

ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից սահմանված թանկարժեք մետաղների 1 գրամ քիմիապես մաքուր մետաղի գնման եւ բացթողման գների համաձայն' ոսկին հուլիսի 6-ից 12-ը գնվել է 9974,12  դրամով եւ բացթողնվել վաճառքի 10841,44 դրամով: Նախորդ ամիս այն 300 դրամով ավել է եղել, սակայն նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ոսկին արժեր 8720 դրամ, այսինքն' 6 դոլարով պակաս:

Վաճառողները պնդում են, որ միտում կա' գինն էլի կավելանա: «Արդեն շրջանառվում է լուրեր, որ կհասնի մինչեւ 40 դոլարի: Բայց դա մեզ ընդհանրապես օգուտ չի, որովհետեւ անկախ նրանից մենք թանկ ենք վաճառում , թե էժան, մեկ է մեզ նույնչափ է մնում գումար»,- ասացին նրանք:

Հարցումները ցույց են տալիս, որ միջին խավը  հիմնականում գնում է 200-300 դոլար արժեցող ապրանք, իսկ մեծահարուստների գինը սկսվում է մի քանի հազար դոլարից, բայց նրանք հիմնականում գնում են խանութներից:

Ըստ ԿԲ-ի' ոսկու 1 գրամը արժի 10770 դրամ: