Հայաստանն աջակցում է ԼՂՀ-ին
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանը եւ Լեռնային Ղարաբաղ այսօր համաձայնագիր ստորագրեցին: Դրա համաձայն' 2 երկրները մինչեւ 2012 թ. կհամագործակցեն սպորտի բնագավառում: Համաձայնագիրը Երեւանում ստորագրեցին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար Արմեն Գրիգորյանը եւ ԼՂՀ կառավարությանը առընթեր սպորտի կոմիտեի ղեկավար Ռազմիկ Հովսեփյանը:
Պայմանագիրը ստորագրելուց հետո Արմեն Գրիգորյանը նշեց, որ նախքան այս էլ Հայաստանը ակտիվորեն համագործակցում էր ԼՂՀ-ի հետ, իսկ այսուհետեւ այդ համագործակցությունը ավելի ակտիվ եւ հետեւողական է լինելու:
Ռազմիկ Հովսեփյանն էլ նշեց, որ Հայաստանի սպորտի ղեկավարները մեծ աջակցություն են ցուցաբերում ԼՂՀ-ում սպորտը զարգացնելու ուղղությամբ: Մասնավորապես վերջերս ԼՂՀ է այցելել ԱԺ պատգամավոր, Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Վերջինիս անձնական միջոցներով Ստեփանակերտում կառուցվելու է սպորտային ժամանակակից համալիր:
Հովսեփյանը հայտնեց նաեւ, որ Ստեփանակերտում է եղել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւ քննարկել ֆուտբոլի զարգացման ծրագրեր: Այդ ծրագրերի շրջանակներում արդեն կառուցվում են խաղադաշտեր:
Ռազմիկ Հովսեփյանին հարց ուղղվեց բասկետբոլի կապակցությամբ, քանի որ վերջին շրջանում Լեռանային Ղարաբաղի բասկետբոլային թիմերը ՀՀ առաջնություններին անկայուն կերպով են մասնակցում: Հովսեփյանը վստահեցրեց, թե բասկետբոլի հետ կապված հարցերը կարգավորվել են, սակայն փաստը այն է, որ Հայաստանի տղամարդկանց եւ կանանց 2009 թ. առաջնություններում Արցախի թիմերը առայժմ ոչ մի հանդիպում չեն անցկացրել:
ԼՀՂ սպորտի ղեկավարը նշեց, որ ներկայումս Արցախում գործում են 18 ֆեդերացիաներ, որոնցից 14-ին պետությունը ֆինանսավորում է 28 մլն դրամով: