Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆուտբոլիստներին բանակ են տարել

Սպորտ

Երեւանի «Բանանցը» այսօր «Միկայի» հետ կայանալիք հանդիպումից առաջ կանգնած է կադրային խնդիրների առջեւ: Թիմի մի շարք ֆուտբոլիստներ տարբեր պատճառներով խաղադաշտ դուրս չեն գա:

Ակումբի մամուլի քարտուղարությունից «Ա1+»-ին հայտնեցին, որ «Բանանցի» ֆուտբոլիստներ Արսեն Բալաբեկյանը եւ Սարգիս Կարապետյանը մեկնել են Դոնեցկ վիրահատվելու: 2 ֆուտբոլիստների մոտ էլ աճուկային վնասվածքի խնդիրներ կային: Բալաբեկյանը վաղուց վնասվածքի պատճառով չէր կարողանում լավ մարզավիճակ ձեռք բերել: «Բանանցի» առանցքային ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է սակավաթիվ հանդիպումների:

Երեւանյան ակումբի խաղացողներ Հրանտ Գեւորգյանն եւ Ժորա Ստեփանյանն էլ օրերս զորակոչվել են բանակ: Առայժմ հայտնի չէ, թե հեռանկարային այս ֆուտբոլիստները որքան ժամանակով կբացակայեն թիմից:

Այսօր խաղադաշտ դուրս չի գա նաեւ կիսապաշտպան Արամ Բարեղամյանը, որը ներկայումս ապաքինվում է վնասվածքից: Վնասվածք ուներ նաեւ Հովհաննես Գրիգորյանը, սակայն Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին խաղացողը արդեն ապաքինվել է եւ կարող է դուրս գալ խաղադաշտ: Ապաքինվել է նաեւ «Բանանցի» առանցքային ֆուտբոլիստ Արտակ Դաշյանը, որը վնասվածք էր ստացել Հայաստան-Թուրքիա երիտասարդական հավաքականների հանդիպման ժամանակ:

Ի դեպ, հուլիսին «Բանանցը» մասնակցելու է Եվրոպայի լիգայի խաղարկությանը: Հայկական թիմը նախքան Եվրոպայի լիգայի մեկնարկը մտադիր է կազմը ուժեղացնել արտասահմանցի խաղացողներով: Վերջին շրջանում «Բանանցում» փորձաշրջան անցան 4 գանացի խաղացողներ, սակայն նրանց խաղը հավանության չի արժանացել: