Ուժեղագույնները մեկնում են Ծաղկաձոր
Աջակցիր «Ա1+»-ինՀունիսի 19-29-ը ձյուդոյի Հայաստանի երիտասարդական եւ ազգային հավաքականները համատեղ ուսումնամարզական հավաք կանցկացնեն Ծաղկաձորում: Հայաստանի ուժեղագույն 24 ձյուդոիստները նախապատրաստվելու են առաջիկա ամիսներին կայանալիք կարեւորագույն մրցաշարերին:
Մեծահասակների հավաքականի կազմում Ծաղկաձոր են մեկնել 12 ձյուդոիստներ, որոնց նախապատրաստվելու են օգոստոսի վերջին Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը: Հավաքականի կազմում Ծաղկաձորում են լինելու բոլոր առաջատարները, այդ թվում Հովհաննես Դավթյանը եւ Արմեն Նազարյանը:
Խաղացանկը ավելի ծանր է լինելու երիտասարդական հավաքականի համար, որը առջիկա ամիսներին հանդես է գալու մի շարք միջազգային մրցաշարերում: Հայաստանի երիտասարդական հավաքականի համար մրցաշրջանը կրկնակի կարեւոր է, քանի որ սեպտեմբերին Երեւանում կայանալու է Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:
Սեփական հարկի տակ հաջող հանդես գալու համար հայ ձյուդոիստները մինչեւ սեպտեմբեր ելույթ կունենան Չեխիայում, Գերմանիայում եւ Թուրքիայում կայանալիք միջազգային մրցաշարերում, կանցկացնեն մի շարք հավաքներ:
Հայաստանի պատանեկան հավաքականն էլ այս օրերին գտնվում է Աբովյանում: Պատանիները նախապատրաստվում են հունիսի 25-29-ը Սլովենիայի Կոպեր քաղաքում կայանալիք Եվրոպայի 2009 թ. պատանեկան առաջնությանը: