Օրացույց. Հունիսի 3
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր ծնվել են
1977-Սերգեյ Ռեբրով (ուկրաինացի ֆուտբոլիստ)
Դոնեցկի «Շախտյորի» մարզադպրոցի սանը կարիերայի լավագույն տարիներն անցկացրել է Կիեւի «Դինամոյում», որտեղ ելույթ է ունեցել 1992-2000 թթ.: Այդ ընթացքում 7 անգամ դարձել է Ուկրաինայի չեմպիոն, իսկ 1996 եւ 1998 թթ. ճանաչվել է Ուկրաինայի լավագույն խաղացող: Հանդես է եկել նաեւ անգլիական «Տոտենհեմում» եւ «Վեսթ Հեմում», թուրքական «Ֆեներբախչեում», իսկ ներկայումս ելույթ է ունենում Կազանի «Ռուբինում», որի կազմում դարձավ Ռուսաստանի 2008 թ. չեմպիոն: Ուկրաինայի հավաքականի կազմում անցկացրել է 75 խաղ եւ խփել 15 գնդակ:
1977-Քրիս (բրազիլացի ֆուտբոլիստ)
«Կորինտիասում» կարիերան սկսած ֆուտբոլիստը 2004 թվականից ելույթ է ունենում ֆրանսիական «Լիոնի» կազմում, որտեղ համարվում է հիմնական կազմի խաղացող: Բրազիլացի պաշտպանը 1999-2007 թթ. պարբերաբար հրավիրվում էր նաեւ Բրազիլիայի հավաքական, որի կազմում անցկացրել է 16 խաղ եւ խփել 1 գնդակ:
1978-Կամիլ Չենտոֆալսկի (սլովակ ֆուտբոլիստ)
Սլովակիայի հավաքականի եւ Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» դարպասապահը կարիերան սկսել է սլովակյան «Կոշիցեում», ապա տեղափոխվել «Բոհեմիանս»: 2003 թվականից ելույթ է ունենում «Զենիթում», որտեղ հանդիսանում է փոխարինող դարպասապահ: Սլովակիայի հավաքականի կազմում անցկացրել է 34 հանդիպում:
1980-Լազարոս Պապադուպոլոս (հույն բասկետբոլիստ)
Կրասնոդարում ծնված հույն բասկետբոլիստը վերջին տասնամյակում Հունաստանի հավաքականների կազմում արժանացել է մեծ թվով պարգեւների: 210 սմ հասակով մարզիկը 2005 թ. Հունաստանի կազմում դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ 2006 թ. աշխարհի առաջնությունում Պապադուպոլոսը նվաճեց արծաթե մեդալ: Ներկայումս հանդես է գալիս իտալական «Բոլոնիայում»: Ելույթ է ունեցել նաեւ հունական «Իրակլիսում», «Պանատինաիկոսում», Մոսկվայի «Դինամոյում», Մադրիդի «Ռեալում»:
1986-Ռաֆայել Նադալ (իսպանացի թենիսիստ)
Ներկայումս աշխարհի ուժեղագույն թենիսիստ Ռաֆայել Նադալը վերջին 2 տարիներին հաղթում է գրեթե բոլոր մրցաշարերում: Իսպանացին կարիերայի ընթացքում ունեցած ելույթների շնորհիվ արդեն 25 մլն ԱՄՆ դոլար է վաստակել: Նադալը դարձել է 36 միջազգային մրցաշարերի հաղթող, որոնցից 6-ում հաջողության է հասել «Մեծ սաղավարտի» մրցաշարերում: