Գոհարյանը` Չեմպիոնների լիգայո՞ւմ
Աջակցիր «Ա1+»-ինԲելառուսի չեմպիոն ԲԱՏԵ-ի խաղացող Հովհաննես Գոհարյանը 9 ամսվա ընդմիջումից հետո կրկին Հայաստանի երիտասարդական հավաքականում է: Ֆուտբոլիստը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ ամանորից հետո չէր եղել Երեւանում:
Գոհարյանը Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում իր նորամուտը նշեց 2008 թ. օգոստոսին Թուրքիայի հետ «Հրազդան» մարզադաշտում կայացած խաղից հետո: Այժմ հայ ֆուտբոլիստը նախապատրաստվում է հունիսի 5-ին Շվեյցարիայի, հունիսի 9-ին Թուրքիայի հետ «Եվրո-2011»-ի ընտրական հանդիպումներին:
«Կարծում եմ` Շվեյցարիայի հետ ավելի դժվար է լինելու, քան Թուրքիայի հետ, քանի որ թուրքերին արդեն մեկ անգամ հաղթել են եւ խաղացողները գիտակցում են որ Թուրքիային հաղթել հնարավոր է: Իսկ Շվեյցարիան միշտ էլ ուժեղ երիտասարդական հավաքական է ունեցել եւ այժմ մենք հյուրընկալվողի դերում ենք: Իսկ Թուրքիայի հետ մրցելու ենք Երեւանում եւ կարծում եմ հանդիսականների թիվը մեծ կլինի մարզադաշտում»,-նշեց Հովհաննես Գոհարյանը:
Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում նախորդ տարվա համեմատ լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել, եւ Գոհարյանը խաղացողներից շատերին չէր ճանաչում. «Արդեն ծանոթացել եմ այն տղաների հետ, որոնց մինչ այս չէի ճանաչում: Լավ թիմ ունենք եւ բարձր տրամադրությամբ պատրաստվում ենք առաջիկա խաղին: Մարզումները բավական հետաքրքիր են ընթանում, որոնցում ավելի շատ ուշադրություն դարձնում ենք պաշտպանությանը»:
Գոհարյանը Բորիսովի ԲԱՏԵ տեղափոխվեց այս տարի, իսկ մինչ 2009 թ. ելույթ էր ունենում Մոսկվայի «Լոկոմոտիվում». «Գոհ եմ ԲԱՏԵ-ից, որտեղ լավ մթնոլորտ է տիրում: Սկզբում մասնակցեցի գավաթի խաղերին, հիմնական կազմում էի, սակայն բախտս չբերեց եւ չկարողացա գոլ խփել: Դրանից հետո վստահեցին այլ հարձակվողի, որն էլ 6 խաղում 6 գոլ է խփել եւ ես այժմ փոխարինման եմ դուրս գալիս միայն»:
Հայ հարձակվողը հայտնեց, որ բելառուսական ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչեւ տարեվերջ. «Ես ԲԱՏԵ-ի խաղացող եմ, իսկ Մոսկվայի «Լոկոմոտիվում» ինձ շատ լավ ճանապարհ դրեցին: Մինչեւ տարեվերջ պայմանագիր ունեմ եւ հանդես եմ գալու Բորիսովում: Թիմի առջեւ խնդիր է դրված այս տարի եւս նվաճել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլի ուղեգիր եւ խմբային մրցաշարում պայքարել միավորների համար»:
Համեմատելով Ռուսաստանի եւ Բելառուսի առաջնությունները` Գոհարյանը նշեց, որ բելառուսական թիմերը զգալիորեն զիջում են. «Ռուսաստանի առաջնությունը անհամեմատ ուժեղ, հանդիսականների թիվը Ռուսաստանի առաջնությունում ավելի մեծ է: Սակայն Բելառուսում էլ կան լավ թիմեր, որոնք Ռուսաստանում կարող են հավասար պայքար մղել մի շարք թիմերի հետ»: