Դեռ մտածում են
Աջակցիր «Ա1+»-ինԿապանի «Գանձասարը» ֆուտբոլի Հայաստանի ընթացիկ առաջնությունում բավական անհաջող է հանդես գալիս: Կապանցիները նախորդ առաջնությունում արժանացել էին բրոնզե մեդալների եւ իրավունք ստացել Հայաստանը ներկայացնել Եվրոպայի լիգայի խաղարկությունում:
Ներկայումս թիմը կադրային լուրջ խնդիրներ ունի, իսկ առաջնության 10-րդ տուրում 0:5 հաշվով պարտվեց «Ուլիսին»: «Գանձասարի» գործադիր տնօրեն Վլադիկ Առաքելյանը «Ա1+»-ին հայտնեց, որ թիմը առայժմ համալրում չի կարող ստանալ, քանի որ տրանսֆերային պատուհանը փակ է. «Մինչեւ հունիսի 23-ը նոր խաղացողներ ձեռք բերել չենք կարող: Երբ որ բացվի տրանսֆերային պատուհանը, այն ժամանակ էլ կմտածենք այդ ուղղությամբ»:
«Գանձասարը» որպես առաջնության բրոնզե մեդալակիր Եվրոպայի լիգայում մասնակցելու է միանգամից 2-րդ որակավորման փուլից: Ենթադրվում է, որ կապանցիներին բաժին է հասնելու ավելի ուժեղ մրցակից, քան դա հնարավոր էր որակավորման առաջին փուլում:
«Մենք այժմ սպասում ենք հունիսի 22-ին կայանալիք Եվրոպայի լիգայի վիճակահանությանը, որի արդյունքներից հետո էլ պարզ կդառնա, թե ինչպես ենք ուժեղացնելու թիմի կազմը: Հնարավոր է` ֆուտբոլիստներ հրավիրենք թե արտասահմանից, թե հայկական թիմերից»,-նշեց Վլադիկ Առաքելյանը:
Ակումբում առկա կադրային լուրջ խնդիրները գործադիր տնօրենը բացատրեց նրանով, որ ապրիլին գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանի հետ միասին թիմից հեռացվել էին 6 ֆուտբոլիստներ: Վերջիններիս փոխարինելու համար «Գանձասար-2»-ից գլխավոր թիմ են տեղափոխվել ավելի անփորձ եւ երիտասարդ խաղացողներ:
Ի դեպ, հուլիսին մեկնարկելիք Եվրոպայի լիգայի խաղարկության «Գանձասարի» մասնակցությամբ հանդիպումը կայանալու է Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Թեեւ «Գանձասարը» Կապանում ունի սեփական մարզադաշտը, սակայն այնտեղ առայժմ հնարավոր չէ անցկացնել միջազգային հանդիպում: