Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չեմպիոնական մրցավեճ «Դինամոյում»

Սպորտ

Ֆուտզալի Հայաստանի 2008-09 թթ. առաջնությունում կայացավ կենտրոնական խաղը, որտեղ հանդիպեցին չեմպիոնության համար պայքարող «Թալ Գրիգը» եւ «Էրեբունին»: Լարված պայքարում էրեբունցիները հաղթեցին 4:3 հաշվով:

Այս թիմերի միջեւ կայացած նախորդ խաղն ավարտվել էր տհաճ միջադեպով, որի ընթացքում ֆուտբոլասերները հարձակվել էին մրցավարի վրա եւ հարվածել նրան: Այս անգամ «Դինամո» մարզադաշտում հսկողությունը ավելի խիստ էր եւ մարզահամալիր էին ժամանել տասնյակ կարմիր բերետավորներ: Խաղին ներկա էին մեծ թվով հանդիսականներ, որոնք բավական ակտիվ աջակցում էին մրցող թիմերին:

Խաղից առաջ 39 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում էր «Թալ Գրիգը», իսկ «Էրեբունին» 38 միավորով 2-րդն էր: Խաղը անցավ լարված եւ հավասար պայքարում: Առաջին կեսից հետո «Էրեբունին» հաղթում էր 2:1 հաշվով, սակայն 2-րդ կեսում «Թալ Գրիգին» հաջողվեց հավասարեցնել հաշիվը: Ոչ-ոքին ձեռնտու էր դաշտի տերերին, սակայն «Էրեբունին» կրկին առաջ անցավ հաշվի մեջ: Խաղավարտին մոտ «Թալ Գրիգը» խփեց պատասխանը գնդակը եւ հաշիվը կրկին հավասարվեց` 3:3:

Եթե հանդիպումը այսպես ավարտվեր, ապա «Թալ Գրիգը» գործնականում կապահովեր չեմպիոնի կոչումը, սակայն «Էրեբունիին» հաջողվեց նաեւ 4-րդ անգամ գրվել մրցակցի դարպասը եւ տոնել անչափ կարեւոր հաղթանակ: Հանդիպման ավարտից հետո էրեբունցիների ուրախությանը սահման չկար, իսկ տրիբունաներում խաղին հետեւող ֆուտբոլասերներից ոմանք նետվեցին խաղահրապարակ շնորհավորելու ֆուտբոլիստներին:

Բայց տոնը երկար չտեւեց, քանի որ շուտով գործի անցան բերետավորներն եւ մի քանի րոպեի ընթացքում «մաքրեցին» մարզահամալիրը մարզասերներից եւ ակումբների ներկայացուցիչներից:

Խաղից հետո «Էրեբունիի» գլխավոր մարզիչ Հովհաննես Փլավչյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց հետեւյալը. «Սա Հայաստանի առաջնության «Էլ Կլասիկոն» էր, որում լարվածությունը շատ մեծ է: Դեռ վաղ է մտածել չեմպիոնության մասին, սակայն այս հաղթանակից հետո մեզ համար ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծվում: Մենք 2 միավորով առաջ անցանք մրցակցից եւ «Թալ Գրիգի» հետ միասին ունենք նույն խաղացանկը: Կաշխատենք մնացած հանդիպումներում չվրիպել»:

Հովհաննես Փլավչյանը նաեւ շնորհակալություն հայտնեց «Թալ Գրիգի» խաղացողներին կոռեկտ խաղի համար եւ կոչ արեց չհուսահատվել պարտության համար, քանի որ 2-րդ հորիզոնականն էլ մրցանակային տեղ է: