«Դեռ ծանոթանում եմ Հայաստանին»
Աջակցիր «Ա1+»-ինԲելգիական «Բրյուգեի» 2-րդ կազմի խաղացող Մասիս Ոսկանյանը 3 տարեկանից բնակվում է Բելգիայում: Կիսապաշպանությունում հանդես եկող հայ խաղացողը արժանացել էր Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզչական շտաբի ուշադրությանը եւ այժմ Երեւանում է:
«Վաղուց ընտանիքով բնակվում ենք Բելիգայում: 10 տարեկան էի, երբ մի պահ եկանք Հայաստան: Իսկ վերջին տարիներին ժամանակ չի եղել լինել Երեւանում, քանի որ դպրոցը եւ ֆուտբոլը շատ ժամանակ էին խլում ինձանից: Երեւանը ինձ համար բավական անծանոթ է եւ դեռ չեմ հասցրել ծանոթանալ քաղաքին»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց Մասիս Ոսկանյանը:
Թեեւ Ոսկանյանը 3 տարեկանից բնակվում է Բելգիայում, սակայն շարունակում է վարժ խոսել հայերեն. «Բելիգայում են ոչ միայն իմ ընտանիքի անդամները, այլեւ մեր հարազատների մեծ մասը, որոնց հետ միշտ շփման մեջ ենք»:
Բելգիայում ֆուտբոլային մրցաշրջանը ավարտվել է եւ ներկայումս ակումբները արձակուրդում են: Մասիս Ոսկանյանը հույս ունի, որ գալիք մրցաշրջանում կլինի «Բրյուգեի» գլխավոր թիմում. «Անցած մրցաշրջանը այնքան էլ հաջող չէր ինձ համար, քանի որ 2 անգամ ոտքի վնասվածք ստացա: Դա թույլ չտվեց հայտնվել գլխավոր թիմում: Հույս ունեմ, որ հաջորդ մրցաշրջանում արդեն կլինեմ «Բրյուգեի» գլխավոր թիմում եւ կմասնակցեմ Բելգիայի առաջնության հանդիպումներին»:
Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցելով մարզումների` Ոսկանյանը ընդգծեց, որ աստիճանաբար մերվում է նոր միջավայրին. «Հայկական ֆուտբոլի տեղյակ էի միայն հեռուստացույցով դիտած խաղերի շնորհիվ: Անկեղծ ասած` չէի պատկերացնում, որ այսքան լավ երիտասարդ խաղացողներ կան Հայաստանում: Շատ ուրախ եմ, որ Հայաստանը ունի տաղանդավոր երիտասարդներ, որոնք ելույթ են ունենում երիտասարդականում: Այս կարճ ժամանակում զգացի, որ երիտասարդական հավաքականից սպասելիքները մեծ են»:
Վերջում երիտասարդ ֆուտբոլիստը հույս հայտնեց, որ հետագայում եւս հրավեր կստանա Հայաստանից եւ հնարավորություն կունենա օգնել հայկական ֆուտբոլին. «Ես դեռ ծանոթանում եմ հայկական ֆուտբոլին: Ինձ հետաքրքիր էր, թե այստեղ ինչ մոտեցում կա ֆուտբոլի նկատմամբ, ինչպես են աշխատում մարզիչները: Առայժմ միայն դրական տպավարություններ ունեմ»: