Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպասելիքները արդարացել են

Սպորտ

Մի շարք մարզաձեւերում մրցաշրջանը միջնամասում է, իսկ դահուկային սպորտում արդեն ամփոփում են արդյունքները:
Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ 2008-09 թթ. մրցաշրջանում հայ դահուկորդները արդարացրել են սպասելիքները` թե լեռնադահուկային սպորտում, թե դահուկավազքում:

«Որպես անցած մրցաշրջանի գլխավոր իրադարձություն կընդգծեի Ծաղկաձորում կայացած լեռնադահուկային վարկանիշային մրցաշարը: Առաջին անգամ հաջողվեց Հայաստանում կազմակերպվել վարկանիշային մրցաշար, որն առաջիկա տարիներին լինելու է ավանդական եւ ընդգրկված է միջազգային ֆեդերացիայի պաշտոնական օրացույցում»,-նշեց Գագիկ Սարգսյանը:

Հենց Ծաղկաձորի մրցաշարի շնորհիվ էլ հայ լեռնադահուկորդները զգալիորեն բարելավել են իրենց վարկանիշները, իսկ Աբրահամ Սարկախյանը եւ Արսեն Ներսիսյանը արդեն ձեռք են բերել 2010 թ. ձմեռային օլիմպիական խաղերի ուղեգրեր: Նրանց կարող են միանալ ավելի երիտասարդ մարզիկներ Յուրա Մանուկյանը եւ Արսեն Ղազարյանը: Ֆեդերացիայում հույս ունեն, որ Հայաստանը 1-2 ուղեգիր էլ կունենա դահուկավազքից:

Խոսելով կոնկրետ մարզիկների ելույթներից` Գագիկ Սարգսյանը ասաց. «Լիբանանում կայացած վարկանիշային մրցաշարում Արսեն Ներսիսյանը այս տարի գրավեց 3-րդ հորիզոնականը, իսկ Յուրա Մանուկյանը լավագույնն էր երիտասարդների շարքում: Համեմատության համար նշեմ, որ նախորդ տարիներին մեր լավագույն արդյունքը դա տասնյակում հայտնվելն է եղել: Ընդհանրապես մեր դահուկորդները անցած մրցաշրջանում մասնակցեցին բազմաթիվ միջազգային մրցաշարերի եւ հնարավորություն էին ստացել բարելավել իրենց արդյունքները»:

Դահուկավազքի Գագիկ Սարգսյանը առանձնացրեց Սերգեյ Միքայելյանի ելույթը մարտին Լեհաստանում կայացած Եվրոպայի երիտասարդական օլիմպիական փառատոնում. «Միքայելյանը հանգրվանեց 22-23-րդ հորիզոնականում: Առաջին հայացքից համեստ արդյունքն է, սակայն նախկին մեր լավագույն արդյունքը 45-րդ հորիզոնական էր: Մեծ առաջընթաց է արձանագրվել , իսկ ճիշտ աշխատանքի դեպքում Սերգեյ Միքայելյանը կարող է հետագայում բավական լավ արդյունքների հասնել»:

Այժմ հայ դահուկորդները հանգստանում են: Առաջիկայում Հայաստանի հավաքականի անդամները կանցկացնեն հատուկ եւ ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության մարզումներ: Վաղը լեռնադահուկորդներ Աբրահամ Սարկախյանը եւ Արսեն Ներսիսյանը մեկնում են Վրաստանի Բակուրիա քաղաք անցկացնելու հավաք, իսկ դահուկավազորդ Հովհաննես Սարգսյանը նույն նպատակով կուղեւորվի Սոչի: Հունիսին Բելառուսում Հայաստանի դահուկավազքի հավաքականը կանցկացնի մեկ այլ ուսումնամարզական հավաք: