«Ա1+»-Ը ԴԵՌԵՎՍ ԵԹԵՐՈՒՄ ՉԷ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր լրանում է «Ա1+»-ի եթերազրկման մեկ տարին: Չնայած ԵԽ, ԵՄ, ԵԱՀԿ եւ մյուս միջազգային կազմակերպությունների հորդորներին եւ պահանջներին, նաեւ ՀՀ իշխանությունների խոստումներին՝ ուղիղ մեկ տարի է Երեւանում կապուղիների մրցույթ չի անցկացվում եւ արհեստականորեն խոչնդոտվում է «Ա1+»-ի վերստին հեռարձակվելու հնարավորությունը:
Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի /ՀՌԱՀ/ գործունեության արդյունքում երեւանյան հեռուստեսային ալիքները հայտնվել են անհասկանալի իրավիճակում։ Հինգ հեռուստաընկերություն /Դար-21, Երեւան-TV, ԱրմենԱկոբ,TV-5, CNN/ եթեր է դուրս գալիս առանց համապատասխան լիցենզիայի։ Հոկտեմբերի 15 -ին այդ ալիքների համար հայտարարված կապուղիների մրցույթը շարունակվում է հետաձգվել եւ չի կայանա առաջիկա ամիսների ընթացքում: ՀՌԱՀ-ի դեմ այս հինգ հեռուստաընկերությունների հայցը դեռ պիտի լսի վճռաբեկ դատարանը:
Հանձնաժողովը նոր մրցույթներ անցկացնելու մասին չի էլ մտածում, մինչդեռ մոտ մեկ տասնյակ հեռուստաընկերություններ շարունակում են աշխատել առանց լիցենզիայի։
Դատական քաշքշուկներից չդժգոհող, նույնիսկ գոհ ՀՌԱՀ-ը իր անգործունեությամբ անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծել հեռուստաընկերությունների համար։
Հայաստանի հանրապետությունում ազատ խոսքը վտանգված է. սա հատկապես փաստվեց ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ: Այդ արձանագրեցին նույնիսկ Եվրախորհրդի եւ ԵԱՀԿ դիտորդները:
Հատկանշական է, որ ընտությունների ընթացքում բազմիցս խոչընդոտվել է «Ա1+»-ի լրագրողների աշխտանքը: «Ա1+» բացակայությունը ակնհայտ էր նախագահի ընտրությունների ժամանակ, ընտրություններից հետո եւ առավել ակնհայտ կդառնա խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
Այսօր արդեն պարզ է, որ ՀՌԱՀ-ի անգործունեության եւ սուբյեկտիվիզմի հետեւանքով «Ա1»-ը հնարավություն չի ունենա լուսաբանել նաեւ ԱԺ ընտրությունները:
Ուղիղ մեկ տարի է «Ա1+»-ը եթերում չէ, ուղիղ մեկ տարի է ԵԽ անդամ երկում բացահայտորեն ոտնահարվում է խոսքի ազատությունը, ուղիղ մեկ տարի է «Ա1+»-ի պրոֆեսիոնալ աշխատակազմը սպասում է իր աշխատանքի իրավունքի վերականգնմանը: