Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արարատը»' կրկին դատարանում

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Արարատը» ընթացիկ մրցաշրջանում կրել է միայն պարտություններ, սակայն անհաջողություններից հետո ակումբի ղեկավարությունը առանձնապես լուրջ հետեւություններ չի արել:

«Արարատի» գործադիր տնօրեն Սիմոն Նաիրյանը «Ա1+»-ին հայտնեց, որ թիմը համալրելու ծրագրերը առայժմ մշուշոտ են: Մրցաշրջանի մեկնարկից առաջ թիմից հեռացել են մի շարք առաջատար ֆուտբոլիստներ: Արդյունքում' «Արարատը» առաջնությունում եւ գավաթի խաղարկությունում անցկացրած 4 հանդիպումներում կրել է նույնքան պարտություն:

Նաիրյանը խոստովանեց, որ ակումբի սեփականատերերը սկսել են ավելի քիչ ներդրումներ կատարել. «Հայաստանում խոչընդոտում են ֆուտբոլի զարգացմանը եւ դա է պատճառը, որ մեր ակումբը այլեւս չի պահում «Արարատ-2» թիմը: Ֆեդերացիան եւ կողմնակալ մրցավարությունը ազդում են մեր ֆուտբոլի վրա»:

Նաիրյանը վրդովված էր նաեւ այն հանգամանքից, որ ֆուտբոլիստ Վահագն Մինասյանը, ունենալով «Արարատի» հետ գործող պայմանագիր, նախորդ շաբաթ պայմանագիր է կնքել «Փյունիկի» հետ: Ֆուտբոլիստը դատարանի որոշմամբ էր ստացել ազատ խաղացողի կարգավիճակ, սակայն «Արարատ» ակումբը դիմել է Վերաքննիչ դատարան իր իրավունքները վերականգնելու համար. «Վահագնը ասում է, թե մենք իր աշխատավարձը ուշացրել ենք եւ չենք տվել, սակայն մենք փոստով էինք ուղարկել գումարը, քանի որ նա չէր պատասխանում զանգերին եւ չէր գալիս ակումբ»:

Այն հարցին, թե ինչու «Արարատը» ազատ խաղացողի կարգավիճակ տվեց իր նախկին ֆուտբոլիստ Հրայր Մկոյանին (այս ֆուտբոլիստը արդեն հանդես է գալիս «Ուլիսում»), իսկ Վահագն Մինասյանի հետ պայմանագիրը չէր պատրաստվում խզել, Սիմոն Նաիրյանը ասաց. «Հրայր Մկոյանի հետ մենք բանակցել ենք, ապա նոր տվել ազատ խաղացողի կարգավիճակ, իսկ Վահագն Մինասյանը այս տարի չի եկել ակումբ եւ չի բանակցել մեզ հետ, չի պատասխանել որեւէ հեռախոսազանգի»:

Տեղեկություններ կան նաեւ, որ «Արարատում» ներկայումս էլ ֆինանսական խնդիրներ կան եւ ակումբի աշխատակիցները ուշացումով են ստանում գումարները: Ըստ Սիմոն Նաիրյանը ընդհանուր առմամբ «Արարատի» ֆինանսական վիճակը լավ է, թեեւ ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում ավելի է դժվարացել: Միաժամանակ Նաիրյանը նշեց, որ ֆուտբոլիստների պարգեւավճարները նախորդ տարվա համեմատ կրճատվել են. «Չեմ կարող ասել որքանով են կրճատվել, սակայն նախորդ տարվա համեմատ պարգեւատրումները այս տարի ավելի քիչ են»:

Հետաքրքրվեցինք նաեւ, թե արդյոք «Արարատ» կվերադառնա՞ն թիմի բրազիլացի առաջատար ֆուտբոլիստները, որոնք բավական հաջող էին հանդես գալիս նախորդ մրցաշրջաններում. «Սպասվում է, որ Մարկոսը ամռանը կմիանա թիմին' օգնելու ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում: Նա հանդես է գալիս մեր ակումբի սեփականատերերին պատկանող Փարիզի «Արարատում»: Իսկ Ռենատոն չի կարող վերադառնալ, քանի որ հանդես է գալիս սլովենական թիմերից մեկում»: