Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առանձին-առանձին ուժեղ են

Սպորտ

«Հայ ֆուտբոլիստներն անհատական լավ որակներ ունեն, սակայն պետք է կարողանանք նրանց ողջ պոտենցիալը հավաքականում օգտագործել թիմային խաղով: Աշխատանքները պետք է սկսենք հատկապես տակտիկական պատրաստվածությունից», - «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլեւը:

Դանիացի մասնագետը Հայաստան հրավիրվեց մարտ ամսին եւ վերջին 20 օրերի ընթացքում փորձում է մոտիկից ծանոթանալ հայկական ֆուտբոլին:

Նրա գլխավորությամբ Հայաստանը հունիսին սկսելու է ելույթները «Եվրո-2011»-ի ընտրական փուլում: Սերիցլեւն ուշադիր հետեւում է հայկական ակումբներում ելույթ ունեցող երիտասարդներին եւ որոշակի պատկերացում է կազմել. «Մենք ունենք մեծ թվով լավ կիսապաշտպաններ: Այստեղ մրցակցությունը մեծ է: Կիսապաշտպաններից շատերը փորձում են միշտ մասնակցել գրոհներին եւ կատարել ետ քաշված հարձակվողի դեր: Իսկ ահա հարձակման գծում կան խնդիրներ եւ մեզ պետք են ֆուտբոլիստներ, որոնք կարող են սուր պահեր ստեղծել եւ գոլ խփել: Ցանկալի կլիներ նաեւ, որ դարպասապահի դիրքում եւս լիներ մրցակցություն: Այժմ մենք ունենք 2 լավ դարպասապահ»:

Սերիցլեւը գտնվում է, որ Հայաստանի երիտասարդական հավաքականին կարող են օգնել նաեւ արտասահմանում ելույթ ունեցող հայ ֆուտբոլիստները. «Շատ լավ հարձակվող ունենք Բելառուսի ԲԱՏԵ թիմում' Հովհաննես Գոհարյանը, որը պայքարող ֆուտբոլիստ է: Ազգային հավաքականի վերջին մարզումների ընթացքում տեսել եմ Բելգիայում ելույթ ունեցող Հրաչ Յագանին: Բելգիայում է հանդես գալիս նաեւ Մասիս Ոսկանյանը, որը հանդիսանում է «Բրյուգեի» խաղացող: «Համբուրգի» 2-րդ թիմում է Լեւոն Հայրապետյանը, որի մասին ավելի ստույգ տեղեկություններ կստանամ հաջորդ շաբաթ: Դեռ տեղեկություններ ենք ստանում նաեւ Մարսելի «Օլիմպիկի» 2-րդ կազմի խաղացող Վարանց Բզդիկյանի մասին»:

Մարզիչը հույս ունի, որ հունիսին Շվեյցարիայի եւ Թուրքիայի հետ հանդիպումներից առաջ Հայաստանի երիտասարդական հավաքականը կանցկացնի մեկ ստուգողական հանդիպում. «Մինչեւ ընտրական փուլի մեկնարկը անցկացնելու ենք 2 ուսումնամարզական հավաք: Ֆեդերացիան այժմ փորձում է կազմակերպել նաեւ մեկ ընկերական հանդիպում: Շատ կարեւոր է մեզ համար, քանի որ ընկերական հանդիպումը թույլ կտա մեզ ավելի հստակ պատկերացնել, թե որոնք ենք մեր թույլ եւ ուժեղ կողմերը»:

Ընտրական փուլում Հայաստանի մրցակիցներն են լինելու Թուրքիայի, Իռլանդիայի, Շվեյցարիայի, Վրաստանի եւ Էստոնիայի հավաքականները: Դանիացի մասնագետը, որը նախկինում մարզել է Դանիայի երիտասարդական հավաքականը, ֆավորիտ է համարում Թուրքիային. «Մեր խմբում արդեն կայացել է մեկ խաղ, որում Թուրքիան հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթել է Իռլանդիային: Նախքան այդ մտածում է, որ Իռլանդիան եւս ֆավորիտ է, սակայն Թուրքիայի տպավորիչ հաղթանակից հետո կարծում եմ, որ թուրքերն են առաջին տեղի գլխավոր ֆավորիտը: Ներկա եմ եղել նաեւ Թուրքիա-Դանիա մարտին Ստամբուլում կայացած խաղին, որում Թուրքիան հաղթեց 2:0 հաշվով: Բավական ուժեղ հավաքական ունեն թուրքերը»: