Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շուշակին դեմ քվեարկեցին

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Վարդան Մինասյանը կշարունակի աշխատանքը մինչեւ 2010 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի ավարտը: Նման որոշում է ընդունել ՀՖՖ գործադիր կոմիտեն:

Վարդան Մինասյանը մարտի 30-ին փոխարինեց պաշտոնանկ արված Յան Պոուլսենին եւ նրա գլխավորությամբ Հայաստանը ապրիլի 1-ին հյուրընկալվեց Էստոնիային: Վերջին տարիներին Մինասյանը մշտապես հավաքականի մարզչական շտաբում էր' որպես գլխավոր մարզչի օգնական:

«Ա1+»-ի հետ զրույցում Մինասյանը, որը մարզում է նաեւ Երեւանի «Փյունիկը», հայտնեց, որ ազգային հավաքականում իրեն օգնելու են 2 մարզիչներ. «Երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ դանիացի Ֆլեմինգ Սերիցլեւը եւս լինելու է հավաքականի մարզչական շտաբում, իսկ դարպասապահների մարզիչը կրկին Արթուր Ավագյանն է լինելու»:

Մինասյանը նշեց, որ 2010 թ. աշխարհի առաջնությունում Հայաստանը մնացած 4 հանդիպումներում փորձելու է վերականգնել սասանված հեղինակությունը. «Արդեն հայտնի է, որ բարձր հորիզոնականներում հայտնվելու հնարավորությունը կորցրել ենք: Պետք է փորձենք վերականգնել հայ ֆուտբոլասերների հավատի դեպի ազգային հավաքական: Դա հնարավոր կլինի անել լավ ֆուտբոլ ցուցադրելու միջոցով»:

Հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատարը խոսեց նաեւ նախապատրաստական ծրագրերի մասին. «Հաջորդ ընտրական հանդիպումը անցկացնելու ենք սեպտեմբերի 5-ին, իսկ մինչ այդ պետք է անցկացնենք ընկերական հանդիպումներ: Օգոստոսին Երեւանում ստուգողական հանդիպում կանցկացնենք Մոլդովայի հետ: Նախատեսվում է նաեւ ընկերական հանդիպում հունիսին, սակայն դեռ հայտնի չէ թե ում հետ ենք մրցելու: Այդ կապակցությամբ ֆեդերացիան աշխատանքներ է կատարում»:

Ի դեպ, ՀՖՖ գործադիր կոմիտեի նիստի ժամանակ քննարկվել է նաեւ Երեւանի «Միկայի» խորվաթ գլխավոր մարզիչ Իվո Շուշակի թեկնածությունը: Ֆեդերացիան արդեն նախնական համաձայնության էր եկել Շուշակի հետ, սակայն գործադիր կոմիտեն քվեարկությամբ դեմ է արտահայտվել Շուշակին ազգային հավաքականի ղեկը վստահելուն: Գործկոմի անդամների կարծիքով խորվաթ մասնագետը դեռ պետք է իրեն դրսեւորի Հայաստանի առաջնությունում: Իսկ ահա Վարդան Մինասյանի թեկնածությանը կողմ են քվեարկել գործկոմի 15 անդամներից 12-ը, որոնք կարծիքով Մինասյանը բոլորից լավ է ծանոթ հայկական ֆուտբոլին: