Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոսկին զիջեց Ռուսաստանին

Սպորտ

3-րդ տարին անընդմեջ Հայաստանին չի հաջողվում Ծանրամարտի Եվրոպայի առաջնության թիմային պայքարում գրավել 1-ին հորիզոնականը: Այս տարի հայ ծանրորդները անհամեմատ համեստ ելույթներ են ունենում:

Կանանց պայքարում 69 կգ քաշային Նազիկ Ավդալյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն: Նազիկը կարող էր դառնալ չեմպիոն, սակայն հրում վարժությունում չկարողացավ բարձրացնել 145 կգ-անոց ծանրաձողը եւ երկամարտի 289 կգ արդյունքով գրավեց 2-րդ հորիզոնականը: 301 կգ արդյունքով Եվրոպայի չեմպիոն դարձավ Ռուսաստանի ներկայացուցիչ Օկսանա Սլիվենկոն: Լավագույն եռյակը եզրափակեց Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցիչ Տատյանա Մատվեեւան:

Տղամարդկանց 85 կգ քաշայինների պայքարում Հայաստանը առաջին անգամ ներկայացրին Գեւորգ Պողոսյանը եւ Արամ Անդրիկյանը: Այս քաշային կարգում Եվրոպայի նախորդ առաջնությունում չեմպիոն էր դարձել Տիգրան Մարտիրոսյանը, որը այս տարի լավ մարզավիճակում չէ եւ բաց է թողնում առաջնությունը:

Տիգրանին փոխարինած ավելի երիտասարդ հայ ծանրորդները չկարողացան արժանանալ մեդալի: Գեւորգ Պողոսյանը երկամարտի 427 կգ արդյունքով հայտնվեց 9-րդ հորիզոնականում, իսկ 421 կգ-ով նրան հաջորդեց Արամ Ադրիկյանը:

Չեմպիոնի կոչումը նվաճեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսեյ Յուֆկինը, որը երկամարտում բարձրացրեց 440 կգ: Արծաթե մեդալի արժանացավ Ադրբեջանի ներկայացուցիչ Ինտիղամ Զաիրովը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Միկալա Նովիկան (Բելառուս):

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կազմում առայժմ միակ ոսկե մեդալը նվաճել է 69 կգ քաշային Առաքել Միրզոյանը: