Էստոնիային պարտվելու արդյունքը
Աջակցիր «Ա1+»-ինՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը, որում Հայաստանի հավաքականը զբաղեցնում է 124-րդ հորիզոնականը: Նախորդ ամսվա համեմատ Հայաստանը նահանջել է 4 հորիզոնականով:
Հայաստանի հավաքականը մարտի 28-ին եւ ապրիլի 1-ին 2010 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում հանդիպեց Էստոնիայի ընտրանու հետ: 2 հանդիպումներում հայ ֆուտբոլիստները վաստակեցին ընդամենը 1 միավոր, ինչի պատճառով էլ վարկանիշային աղյուսակում հերթական անգամ Հայաստանը նահանջեց: Իսկ ահա Էստոնիայի հավաքականը Հայաստանին սեփական հարկի տակ հաղթելու եւ Երեւանում ոչ-ոքի խաղալու շնորհիվ առաջադիմել է միանգամից 11 տեղով եւ այժմ ընթանում է 115-րդ հորիզոնականում:
Վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել Իսպանիան, որը 2010 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում միավորներ չի կորցրել: Իսպանացիները արդեն 1729 վարկանիշային միավոր ունեն եւ առաջիկա ամիսներին նրանց տեղը առաջին հորիզոնականում երաշխավորված է: Համեմատության համար նշենք, որ 2-րդ տեղում ընթացող Գերմանիան ունի վարկանիշային 1362 միավոր:
Լավագույն տասնյակում են նաեւ Հոլանդիայի, Բրազիլիայի, Արգենտինայի, Անգլիայի, Խորվաթիայի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հավաքականները: Լավագույն տասնյակից այս անգամ դուրս է մնացել Պորտուգալիան, որը իր տեղը զիջել է Ֆրանսիային:
Ընտրական փուլում Հայաստանի մրցակիցներից Թուրքիան վերջերս Իսպանիայից կրած 2 պարտություններից հետո նահանջել է 3 հորիզոնականում եւ այժմ զբաղեցնում է 14-րդ տեղը: Մեծ առաջընթաց է ապրել Բոսնիայի հավաքականը, որի հետ Հայաստանը մրցելու է սեպտեմբերի 5-ին: Բոսնիացիները առաջադիմել են միանգամից 20 տեղով եւ այժմ աշխարհում 38-րդն են: Իսկ ահա Բոսնիային պարտված Բելգիայի հավաքականը 11 տեղով զիջել է դիրքերը եւ զբաղեցնում է 62-րդ հորիզոնականը:
Կովկասյան երկրների շարքում առաջինը Վրաստանի հավաքականն է, որը գտնվում է 109-րդ հորիզոնականում, իսկ Ադրբեջանը ընդամենը 140-րդն է: