Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը եւ Բելգիան' նույն վիճակում

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը առայժմ չունի նոր գլխավոր մարզիչ: Մարտի 30-ին պաշտոնանկ արված դանիացի Յան Պոուլսենին, սպասվում էր, որ շուտով կփոխարինի Երեւանի «Միկայի» խորվաթ մարզիչ Իվո Շուշակը:

Բայց Շուշակը դեռ չի նշանակվել հավաքականի գլխավոր մարզիչ, իսկ գլխավոր մարզչի պաշտոնակատարը շարունակում է մնացել Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: Առաջիկայում Հայաստանի հավաքականը որեւէ պաշտոնական հանդիպում չի անցկացնելու: Հայաստանի մասնակցությամբ հաջորդ հանդիպումը նախատեսված է օգոստոսի 12-ին Երեւանում' Մոլդովայի հետ: Ընկերական այս հանդիպումից հետո Հայաստանին լուրջ փորձություն է սպասվում սեպտեմբերին, երբ 2010 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Երեւան կժամանի Բոսնիայի հավաքականը: Հանդիպումը կայանալու է սեպտեմբեր 5-ին, իսկ 4 օր անց' Երեւանում Հայաստանի մրցակիցն է լինելու Բելգիայի հավաքականը:

ՖԻՖԱ-ի օրացույցով' ազգային հավաքականների հանդիպման օր է նաեւ հունիսի 6-ը, սակայն հավանականությունը մեծ է, որ այդ օրը Հայաստանը որեւէ ընկերական հանդիպում չի անցկացնի:

Ի դեպ, ընտրական փուլում Հայաստանի մրցակից Բելգիան եւս ներկայումս մնացել է առանց գլխավոր մարզչի: Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել գլխավոր մարզիչ Ռենե Վանդերեյկենին, որի գլխավորությամբ Բելգիայի հավաքականը 2006-08 թթ. 3 անգամ հաղթել էր Հայաստանի հավաքականին: Բելգիայի հավաքականը մարտի 28-ին եւ ապրիլի 1-ին երկու հանդիպում անցկացրեց Բոսնիայի հետ եւ կրեց նույնքան պարտություն: Այս անհաջողություններից հետո Բելգիան գործնականում զրկվեց աշխարհի 2010 թ. առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու իրավունքից: Ինչպես եւ Հայաստանում, այնպես էլ Բելգիայում գլխավոր մարզչի պարտականությունները առայժմ կատարելու է Վանդերեյկենի օգնականը' Ֆերնկի Վերտոկտերենը: