Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանն եւս հրավեր է ստացել

Սպորտ

«Ա1+»-ի հարցերին պատասխանում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանը, որը 2008 թ. դեկտեմբերին է ընտրվել այս պաշտոնում:

- Պարոն Մուրադյան, մայիսի 23-ին Երեւանում մեկնարկում է պատանիների աշխարհի 2009 թ. առաջնությունը: Ինչպե՞ս են ընթանում նախապատրաստական աշխատանքները եւ քանի՞ երկիր է մասնակցելու այս ստուգատեսին:

- Աշխարհի առաջնությունը առաջին անգամ է անցկացվելու Հայաստանում: Երկրի նախագահի եւ օլիմպիական կոմիտեի ղեկավար Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ դեռեւս 2008 թ. Հայաստան էր ժամանել բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի նախագահը, տեղում ծանոթացել էր մեր պայմաններին: Նախատեսվում է, որ առաջնությանը կմասնակցեն շուրջ 45 երկիր: Արդեն պատվիրված են բոլոր մեդալները եւ գավաթները: Գնվել է 2 օլիմպիական ռինգ, որտեղ մրցելու են մարզիկները: Մարզահամերգային համալիրում կայանալիք առաջնության փակման եւ բացման արարողությունները կհեռարձակվեն ուղիղ եթերում: Մեծ ծավալի աշխատանք է կատարվում առաջնությունը պատճաշ մակարդակով անցկացնելու համար:

-Փաստորեն Երեւան են ժամանելու մի քանի հարյուր արտասահմանցիներ: Նրանց համար հատկացվելո՞ւ է հատուկ բնակավայր, թե տարբեր տեղերում են լինելու առաջնության օրերին:

-Մենք պայմանագիր ենք կնքել Երեւանի շուրջ 10 հյուրանոցների հետ, որտեղ առաջնության օրերին ապրելու են 7-ից 8 հարյուր հյուրեր:

- Երբ Հայաստանում եւ Ադրբեջանում անցկացվում է որեւէ միջազգային սպորտային մրցաշար միանգամից հարց է առաջանում, թե արդյոք առաջնությանը մասնակցելու է հարեւան երկրի հավաքականը: Հայաստանը հրավեր ուղարկե՞լ է Ադրբեջանին եւ եթե այո, ապա ի՞նչ պատասխան է ստացվել:

- Այո, մենք հրավիրել ենք Ադրբեջանին եւ պատրաստ ենք ընդունել նաեւ նրանց: Ընդգծեմ, որ ստեղծվել է առաջնության կազմկոմիտե, որը գլխավորում է Հայաստանի վարչապետը: Կազմկոմիտեի կազմում են մեր բոլոր նախարարները, այդ թվում ոստիկանապետը, ազգային անվտանգության պետը եւ քաղաքապետը: Այնպես որ մենք լիովին պատրաստ ենք ընդունել Ադրբեջանի պատվիրակությանը եւ ապահովել նրանց անվտանգությունը: Բայց մենք առայժմ պատասխան չենք ստացել Ադրբեջանից, իսկ հայտերը ազգային ֆեդերացիաներից ընդունում ենք մինչեւ ապրիլի 23-ը:

-Իսկ ինչպե՞ս են հայ պատանիները պատրաստվում առաջիկա աշխարհի առաջնությանը:

- Տեղյակ եք, որ փետրվարին Երեւանում անցկացրինք միջազգային մրցաշար, որը մեզ թույլ տվեց տեսնել, թե ինչ վիճակում է գտնվում Հայաստանի պատանեկան հավաքականը: Մեր պատանիները հավաք են անցկացնելու Սեւաստոպոլում, իսկ այժմ մարզվում են Ծաղկաձորում: Մայիսին 10-ին Երեւան ենք հրավիրել Կուբայի պատանեկան հավաքականին, որի հետ համատեղ Հայաստանը ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում: Ցավոք մինչեւ աշխարհի առաջնությունը մոտակա երկրներում որեւէ միջազգային մրցաշար չի անցկացվելու, որպեսզի մեր պատանիները մասնակցեին, սակայն հավաքների միջոցով այդ բացը կլրացնենք:

-Այժմ անդրադառնանք Հայաստանի մեծահասակների հավաքականին, որը վերջերս Լեհաստանում մասնակցեց միջազգային մրցաշարի: Մրցաշարի ավարտից հետո նշվեց, որ Հայաստանի նկատմամբ կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերվել, իսկ 91 կգ քաշային Ցոլակ Անանիկյանին պարզապես թույլ չեն տվել դուրս գալ եզրափակիչ մենամարտին եւ զրկել նրան ոսկու համար պայքարից:

-Երբ որեւէ երկիր սեփական հարկի տակ միջազգային մրցաշար է անցկացնում, նա առաջին հերթին նպատակ է հետապնդում իր մարզիկներին հնարավորություն տալ որքան հնարավոր է շատ հանդիպումներ անցկացնել եւ հասնել լավ արդյունքների: Եղել է անարդարություն, սակայն ոչինչ անել այլեւս հնարավոր չէ: Ինչպես ասում են' «մարտից հետո բռունցքները թափ չեն տալիս»: Պետք է պարզապես նման մրցաշարեր անցկացնենք նաեւ Հայաստանում եւ հնարավորություն տանք մեր մարզիկներին արդար պայմաններում չափել ուժերը այլ երկրների ներկայացուցիչների հետ:

-Բռնցքամարտի ֆեդերացիան նախատեսո՞ւմ է Երեւանում անցկացնել միջազգային մրցաշար ազգային հավաքականների մասնակցությամբ:

-Այո, նման ծրագիր ունենք: Ցանկանում ենք բավական մեծ մրցաշար անցկացնել Հայաստանում, սակայն դա անակնկալ է եւ տեղեկություն այդ մասին կտրամադրենք ամռանը:

-Դուք նախորդ տարի դեկտեմբերին ընտրվեցիք բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում, իսկ հունվարից արդեն անցաք Ձեր պարտականությունների կատարմանը: Այս ընթացքում հասցրել եք ծանոթանալ, թե ինչ վիճակում է գտնվում բռնցքամարտը Հայաստանի տարբեր բնակավայրերում:

-Մարզերում բռնցքամարտի պատասախանատուն ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Գասպարյանն է, որը արդեն 2 ամիս է շրջում է մարզերում եւ արդեն տեղեկություններ ստանում ենք ընդհանուր վիճակի մասին: Ես ինքս էլ հնարավորության դեպքում շրջում եմ տարբեր մարզերում եւ տեղում ծանոթանում իրավիճակին: Օրինակ, Լոռու եւ Շիրակի մարզերում բռնցքամարտի վիճակը լավ է, սակայն կան մարզեր, որտեղ մեծ ծավալի աշխատանք կա կատարելու: Կան բնակավայրեր, որտեղ չկան մարզիչներ, մարզագույք: Մենք Գորիսում արդեն կազմակերպել ենք բռնցքամարտի ուսուցում: Ուղարկել ենք մարզիչ եւ տրամադրել մարզագույք, իսկ մարզպետարանը կվճարի մարզչին: Դպրոցներից մեկում էլ հատկացվել է դահլիճ: Մարզիչ ենք ուղարկել նաեւ Ապարան, որտեղ եւս կան խնդիրներ: Ընդհանուր առմամբ' մարզերում վիճակը լավ չէ: Եթե Երեւանում դպրոցները ունենք համապատասխան գույք, ապա մարզերում շատերը փայտի վրա են անցկացնում մարզումները: Սա մեկ կամ երկու օրվա խնդիր չէ, որ միանգամից լուծենք: Մենք հետեւողական կլուծենք այս խնդիրները, որոնք մեծ մասին կանդրադառնանք աշխարհի առաջնության ավարտից հետո:

Զրուցեց Արթուր Նազարյանը