Գորիսը զրկվեց ֆուտբոլից
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի առաջին խմբի 2009 թ. առաջնության մասնակիցների թիվը պակասեց մեկով: «Լեռնային Արցախ» ֆուտբոլային թիմը ֆինանսական միջոցների բացակայության պատճառով հրաժարվել է մասնակցել ապրիլի 9-ին մեկնարկելիք առաջնությանը:
Իսկ ֆուտբոլի ֆեդերացիան մարտ ամսին արդեն կազմել էր առաջին խմբի խաղացանկը: «Լեռնային Արցախի» հետ միասին առաջին խմբում ելույթ էին ունենալու եւս 9 թիմեր: Սակայն «Հայկ» ֆուտբոլային ակումբին պատկանող «Լեռնային Արցախը», որը պետք է հանդես գար Գորիսում, վերջին պահին հրաժարվել է մասնակցությունից: Այս ակումբը Հայաստանում անցկացվող ֆուտբոլային մրցաշարերում մասնակցելու եւ լուծարվելու մեծ փորձ ունի:
ՀՖՖ մամուլի քարտուղարությունից տեղեկացանք, որ առաջին խմբի խաղացանկը, այնուամենայնիվ, չի փոխվելու: Պարզապես յուրաքանչյուր տուրում «Լեռնային Արցախի» մրցակիցները տվյալ տուրում կհանգստանան, իսկ առաջնությունը կանցկացվի 9 թիմերի մասնակցությամբ:
Ի դեպ, «Լեռնային Արցախը» եւս ֆինանսավորվում էր «Արարատի» հովանավորների կողմից: Նախորդ տարի «Արարատի» շվեյցարահայ հովանավոր Հրաչ Կապրիելյանը Երեւանում տված մամուլի ասուլիսում հաստատեց, որ «Լեռնային Արցախը» հովանավորում են իրենք եւ ցանկանում են զարգացնել Արցախի ֆուտբոլը:
Ինչեւէ, առաջին խմբի առաջնությունը ապրիլի 9-ին կմեկնարկի առանց «Լեռնային Արցախի»: Դա նշանակում է, որ Դիլիջանի «Իմպուլսը» որ հորիզոնականում էլ հայտնվի, իրավունք է ստանալու 2010 թ. Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը: «Իմպուլսը» միակն է 9 թիմերի շարքում, որը չի հանդիսանում բարձրագույն խմբի ակումբների դուստր թիմ: