Կանանց համար գումար չկար
Աջակցիր «Ա1+»-ինՀայ մարմնամարզիկները ավարտեցին իրենց ելույթները Եվրոպայի 2009 թ. առաջնությունում: Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանը ներկայացրած 2 մասնակիցներից սպասելիքները արդարացրեց միայն Վահագն Ստեփանյանը:
«Բազմամարտում Վահագն Ստեփանյանը գրավեց 17-հորիզոնականը եւ իրավունք ստացավ ելույթ ունենալ եզրափակիչում, որտեղ գրավեց 11-րդ տեղը: Իսկ ահա մյուս մարզիկը` Հարություն Մերդինյանը, չկարողացավ նվաճել եզրափակիչի ուղեգիր եւ գրավեց 32-րդ հորիզոնականը»,-նշեց Հակոբ Սերոբյանը:
Հարություն Մերդինյանը, որը բավական փորձառու մարզիկ է, վարժությունների մեկի ընթացքում կոպիտ սխալ է թույլ տվել եւ զրկվել եզրափակիչում հայտնվելու հնարավորությունից:
«Առաջնության մեկնարկից առաջ հույս ունեինք, որ մեր 2 մարզիկներն էլ դուրս կգան եզրափակիչ, սակայն միայն Ստեփանյանին հաջողվեց դա: Եվրոպայի առաջնությունը, որը կայացավ Իտալիայի Միլան քաղաքում, ելույթ ունեցան եվրոպական շուրջ 40 երկրների ներկայացուցիչներ»,-ասաց հավաքականի գլխավոր մարզիչը, որը առաջնության ընթացքում Հայաստանը ներկայացրել է նաեւ որպես մրցավար:
Հայաստանը մասնակցել է միայն տղամարդկանց պայքարին, իսկ ահա կանանց պայքարում ներկայացուցիչ չենք ունեցել: Պատճառը եղել է ֆինանսների բացակայությունը, ինչպես նաեւ այն, որ հայ մարզուհիները առայժմ ի վիճակի չեն պայքարել եզրափակիչի ուղեգրի համար:
Առաջիկայում Հայաստանի հավաքականը կնախապատրաստվի մայիսին Մոսկվայում կայանալիք աշխարհի առաջնությանը: Հայաստանը աշխարհի առաջնությունում իրավունք ունի ներկայացնել 3 մասնակիցներ (2 տղամարդ եւ 1 կին): Հակոբ Սերոբյանը հայտնեց, որ դեռ որոշված չէ, թե ովքեր են Հայաստանը ներկայացնելու Մոսկվայում: