Հակոբյանը` «Իմպուլսի» խաղացող
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի 2005 թ. լավագույն ֆուտբոլիստը Արամ Հակոբյանը պայմանագիր է կնքել Դիլիջանի «Իմպուլսի» հետ: Ֆուտբոլիստը «Ա1+»-ին հայտնեց, որ պայմանագիրը կնքվել է 1+1 տարբերակով:
Արամ Հակոբյանը 2008 թ. մրցաշրջանի սկսեց ռուսական «Վոլգայում», իսկ մայիսին վերադարձավ Երեւանի «Բանանց»: Վերջինիս կազմում անցկացնելով մի քանի հանդիպում` Արամ Հակոբյանը ամռանը անհասկանալի պատճառներով հեռացավ թիմից եւ շուտով հայտնվեց Երեւանի «Ուլիսում»:
2009 թ. հունվարի 1-ից Հակոբյանը ազատ խաղացողի կարգավիճակ ուներ, սակայն երկար ժամանակ չէր կարողանում նոր թիմ գտնել:
«Արդեն տեղյակ եք, որ մի քանի ամիս նոր թիմ էի փնտրում: Դրա համար նույնիսկ մեկնեցի արտասահման: Ի վերջո պայմանագիր կնքեցի «Իմպուլսի» հետ, որը մասնակցելու է առաջին խմբի առաջնությանը»,-նշեց Արամ Հակոբյանը:
Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը նշեց, որ նախքան պայմանագիր կնքել է ծանոթացել է ակումբի առջեւ դրված խնդիրներին. «Ես համոզվեցի, որ վերածնված ակումբը բավական լուրջ նպատակներ է հետապնդելու եւ ինձ համար հետաքրքիր կլինի այստեղ հանդես գալը: Թիմում կան նաեւ եւս 7-8 ֆուտբոլիստներ, որոնք բարձրագույն խմբում հանդես գալու փորձ ունեն, ուստի մարտունակ կոլեկտիվ է հավաքվել եւ լավ մարզչական շտաբ: Իհարկե, մի փոքր անսովոր կլինի առաջին խմբի առաջնությունում ելույթ ունենալը, սակայն նորմալ եմ վերաբերվում դրան»:
Հիշեցնենք, որ Արամ Հակոբյանը ելույթ է ունեցել նաեւ ուկրաինական «Ստալում» եւ «Իլիչեւեցում»: