Ոչ պաշտոնական համագործակցություն
Աջակցիր «Ա1+»-ինՈչ պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ասիայի բասկետբոլի ֆեդերացիայի (ՖԻԲԱ-Ասիա) գլխավոր քարտուղարի տեղակալ Հակոբ Խաջիրյանը: Վերջինս «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց, որ օգտագործելու է իր հնարավորությունները հայկական բասկետբոլին օգնելու համար:
«Ես արդեն հանդիպել եմ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանին եւ քննարկել ենք հայկական բասկետբոլին զարգացմանն ուղղված ծրագրեր: Ես որպես հայ մարդ ցանկանում եմ նպաստել հայկական բասկետբոլի բարգավաճմանը»
Հակոբ Խաջիրյանը նախկինում եղել է բասկետբոլիստ եւ ելույթ է ունեցել Լիբանանի «Հոմենեթմենում», հետագայում աշխատել է որպես մարզիչ, իսկ ներկայումս հանդիսանում ՖԻԲԱ-Ասիայի գլխավոր քարտուղարի տեղակալը:
Խաջիրյանը ընդգծեց, որ Հայաստանի հետ պաշտոնապես համագործակցել ՖԻԲԱ-Ասիան. չի կարող. «Հայաստանը հանդիսանում է ՖԻԲԱ-Եվրոպայի անդամ եւ չենք կարող պաշտոնապես համագործակցել, սակայն ոչ պաշտոնապես մի շարք ծրագրեր կարող ենք առաջիկայում կյանքի կոչել: Ունենք լավ գործընկերներ նաեւ Եվրոպայում եւ մի շարք այլ երկրներում: Կփորձենք օգտագործել մեր բոլոր կապերը»:
Հակոբ Խաջիրյանը ներկայումս բնակվում է եւ աշխատում Լիբանանում: Այն հարցին, թե արդյոք ներկայումս Լիբանանում կան հայ բասկետբոլիստներ, որոնք կարող են օգտակար լինել Հայաստանի հավաքականներին, Հակոբ Խաջիրյանը պատասխանեց. «Ներկայումս բարձրակարգ սպորտը մեծ գումարներ է պահանջում: Լիբանանում գործող սպորտային թիմերի հովանավորները գտան, որ ճիշտ կլինի մեծ գումարներ ծախսել հայկական մշակույթը պահպանելու համար: Դա է պատճառը, որ վերջին տարիներին հայ մարզիկները շարքում չկային այնպիսիները, որոնք կարող են օգնել Հայաստանի ազգային թիմերին: Համենայնդեպս տղաների շարքում այդպիսիները չկան, իսկ աղջիկներից կան բասկետբոլիստուհիներ, որոնք միգուցե օգտակար կարող են լինել»: