Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միայն տղաները

Սպորտ

Սամբոյի Եվրոպայի 2009 թ. պատանեկան եւ երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացված կլինի միայն տղաների պայքարում: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեոնիդ Հայրապետյանը:

Ապրիլի 8-ին Լիտվայի Շաուլայ քաղաքում մեկնարկելիք Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ունենալու է 14 մասնակիցներ, որոնք բոլորն էլ ելույթ են ունենալու տղաների պայքարում: Իսկ ահա աղջիկների պայքարում լավ ավանդույթներ ունեցող Հայաստանը այս անգամ մասնակից չի ունենա: Աղջիկների Հայաստանի առաջնությունը այս տարի ուշ է անցկացվել,  եւ արդյունքների ամփոփումից հետո ֆեդերացիան չի հասցրել ձեւակերպել վիզաներ:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արեւիկ Կարապետյանը հայտնեց, որ Հայաստանի հավաքականներում ընդգրկված են նաեւ մարզիկներ, որոնք նախկինում արժանացել են մեդալների տարբեր խոշոր մրցաշարերում: Մասնավորապես Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հանդես կգա 68 կգ քաշային Արտավազդ Մինասյանը: Վերջինս անցած տարի ելույթ էր ունենում 62 կգ քաշայինների պայքարում եւ աշխարհի առաջնությունում արժանացել էր բրոնզե մեդալի:

48 կգ քաշայինների պայքարում Աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում բրոնզե մեդալի արժանացած Արամայիս Մարգարյանը այս անգամ ելույթ կունենա 52 կգ քաշայինների պայքարում:

Եվրոպայի 2008 թ. պատանեկան առաջնությունում բրոնզե մեդալի արժանացած 81 կգ Կարեն Ջանոյանը այս անգամ ելույթ կունենա երիտասարդները պայքարում:

Հայաստանի պատվիրակությունը մրցավայր կուղեւորվի վաղը: Հավաքականների ավագ մարզիչն է Հովիկ Խոջոյանը: Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացուցիչ կունենա նաեւ մրցավարների շարքում: Նման իրավունք է ստացել Վահան Ստեփանյանը:

Առաջիկա Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հայտ են ներկայացրել շուրջ 30 եվրոպական երկրներ: Թիմային հաշվարկում ֆավորիտներ են համարվում Ռուսաստանի, Ուկրաինայի, Բուլղարիայի, Բելառուսի եւ Վրաստանի ներկայացուցիչները: