Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ըմբշամարտ. Առաջին հաղթանակները

Սպորտ

Վիլնյուսում շարունակում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որտեղ այսօր ասպարեզ են դուրս եկել 60, 74 եւ 96 կգ քաշայինները: Բոլոր 3 քաշային կարգերում էլ Հայաստանն ունի ներկայացուցիչ:

60 կգ քաշայինների պայքարում Արթուր Առաքելյանը հեշտությամբ հաղթեց Լիտվայի ներկայացուցիչ Սարունաս Յուրկիսին: Թեեւ վերջինս հանդես էր գալիս լիտվացի մարզասերների աջակցության ներքո, սակայն Արթուրն առաջին խաղափուլում հաղթեց 6:0 հաշվով, ապա նույն հաշվով հաջողության հասավ 2-րդ խաղափուլում եւ դուրս եկավ հաջորդ փուլ: 1/8-րդ եզրափակիչում Արթուրին ծանր փորձություն է սպասվում: Հայ ըմբիշի մրցակիցն է Ռուսաստանի հավաքականի ըմբիշ Ադամ Բատիրովը, որը Մոսկվայի ԲԿՄԱ-ի առաջատար մարզիկներից մեկն է:

74 կգ քաշային Սուրեն Մարկոսյանը վստահ հաղթանակ տոնեց բրիտանացի Մայքլ Գրունդիի նկատմամբ: Սուրենն առավելության հասավ 10:0 հաշվով: Մարկոսյանի հաջորդ մրցակիցը կլինի վրացի Գելա Սաղիրաշվիլին, որին հաղթելու դեպքում հայ ըմբիշը դուրս կգա քառորդ եզրափակիչ:

96 կգ քաշայինների պայքարում Էդգար Ենոքյանը ելույթները կսկսի 1/8-րդ եզրափակիչից: Էդգարի մրցակիցը կլինի Վրաստանի ներկայացուցիչ Էլդար Կուրանիձեն:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն արդեն 2 մեդալ է նվաճել Եվրոպայի ընթացիկ առաջնությունում: 120 կգ Ռուսլան Բասիեւը դարձել է արծաթե մեդալակիր, իսկ 66 կգ Ժիրայր Հովհաննիսյանը' բրոնզե: Թիմային հաշվարկով առայժմ առաջատարը Ռուսաստան է, որ նվաճել է 2 ոսկե մեդալ: Մեդալներ ունեն նաեւ Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջանը, Թուրքիան, Բելառուսը եւ Բուլղարիան: