2 մեդալ, բայց ոչ ոսկե
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն այսօր 2 մեդալ նվաճեց Վիլնյուսում ընթացող Եվրոպայի 2009 թ, առաջնությունում: 120 կգ քաշային Ռուսլան Բասիեւն արժանացավ արծաթե մեդալի, իսկ 66 կգ քաշային Ժիրայր Հովհաննիսյանը` բրոնզի:
120 կգ Ռուսլան Բասիեւը, որը վերջին տարիներին ներկայացնում է Հայաստանը, դուրս էր եկել եզրափակիչ, որտեղ մրցեց Ադրբեջանի ներկայացուցիչ Ալի Իսաեւի հետ: Հայ-ադրբեջանական եզրափակիչն անցավ նյարդային պայքարում: Ցավոք, Բասիեւը պարտվեց 0:4 հաշվով եւ զրկվեց ոսկե մեդալից:
66 կգ Ժիրայր Հովհաննիսյանը բրոնզե մեդալի համար վճռորոշ մենամարտում առավելության հասավ Մոլդովայի ներկայացուցիչ Ռոման Դերմենյիի նկատմամբ: Այս քաշային կարգում չեմպիոն դարձավ Ուկրաինայի ներկայացուցիչ Անդրեյ Ստադնիկը:
Բրոնզե մեդալին մոտ էր նաեւ 55 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը, սակայն հայ ըմբիշը 3-րդ տեղի համար մրցամարտում պարտվեց բուլղարացի Ռադոսլավ Վելիկովին: Այս քաշային կարգում ոսկե մեդալի արժանացավ Ռուսաստանի ներկայացուցիչ Նարիման Իսրապիլովը, որը եզրափակիչում հաղթեց վրացի Բեսարիոն Սոցաշվիլիին:
Եվրոպայի առաջնությունը կշարունակվի վաղը: Պայքարի մեջ կմտնեն Հայաստանի եւ 3 ներկայացուցիչներ, որոնք ելույթ կունենան 60, 74 եւ 96 կգ քաշային կարգերում: