Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՖԻԲԱ-ն արգելեց

Սպորտ

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան (ՀԲՖ) վերջին շրջանում բանակցում էր NBA-ի նախկին աստղերից մեկի` Ռաֆայել Արաուջույի հետ, որը ցանկություն էր հայտնել ելույթ ունենալ Հայաստանի դրոշի ներքո: Սակայն ՖԻԲԱ-ն թույլ չի տվել Ռաֆայելին հանդես գալ Հայաստանում:

Բրազիլացի այս բասկետբոլիստը 2006-07 թթ. հանդես է եկել NBA-ի առաջատար թիմերից մեկում` «Յոտա Ջազում»: 211 սմ հասակով 28-ամյա մարզիկը, NBA-ում անցկացնելով 28 հանդիպում, հետագայում տեղափոխվել է Ռուսաստան եւ հանդես եկել Սանկտ Պետերբուրգի «Սպարտակում»:

"Մենք դիմել էինք ՖԻԲԱ-ին, որպեսզի Ռաֆայել Արաուջուն իրավունք ստանա ելույթ ունենալ Հայաստանի ազգային հավաքականում, սակայն օրերս ստացվեց պատասխան, համաձայն որի Արաուջուն ժամանակին ելույթ է ունեցել Բրազիլիայի հավաքականում, ուստի չի կարող հանդես գալ Հայաստանում", - Ա1+-ին հայտնեց ՀԲՖ-ի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը:

ՖԻԲԱ-ի կանոնադրության համաձայն բասկետբոլիստը իր կարիերայի ընթացքում իրավունք ունի ելույթ ունենալ միայն մեկ հավաքականում, մինչդեռ Ռաֆայել Արաուջուն ժամանակին ընդգրկված է եղել բրազիլիայի հավաքականի կազմում եւ մասնակցել 2002 թ. աշխարհի առաջնությանը:

Այն հարցին, թե ինչ իմաստ կար Հայաստանի հավաքական բրազիլացի բասկետբոլիստ հրավիրելու , Ռոստոմյանը ասաց. "Նախ նշեմ, որ Արաուջուն ինքն է ցանկացել գալ Հայաստան, քանի որ դա նրան արտոնություններ կտար Ռուսաստանում: Բացի այդ մենք այսօր բարձրակարգ բասկետբոլիստների կարիք ունենք, առանց որոնց իմաստ չի լինի մասնակցել Եվրոպայի առաջնություններին":

Հրաչյա Ռոստոմյանը նշեց, որ առաջիկայում ՀԲՖ-ն փորձելու է ազգային հավաքականը համալրել արտասահմանցի այլ խաղացողներով. "Արտերկրում կան բասկետբոլիստներ, որոնք ցանկանում են հանդես գալ Հայաստանում: Մենք ցանկանում են հայազգի մարզիկներին ընդգրկել հավաքականում: Օրինակ` Էստոնիայի չեմպիոն թիմի կազմում ելույթ ունեցող Արթուր Գեւորգյանը պատրաստ է ներկայացնել Հայաստանը":

Ըստ Ռոստոմյանի` Էստոնիայի առաջնությունը բավական ուժեղ է եւ այնտեղ ելույթ ունեցող խաղացողը կարող է օգտակար լինել Հայաստանի համար. "Մերձբալթյան երկրներում բասկետբոլը բավական զարգացած է եւ համարվում է առաջատար մարզաձեւ":