Հայաստանը եւ Ադրբեջանը եզրափակիչում
Աջակցիր «Ա1+»-ինՎիլնյուսում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի առաջնության կիսաեզրափակիչում ելույթ էին ունենում 55 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը, 66 կգ քաշային Ժիրայր Հովհաննիսյանը եւ 120 կգ Ռուսլան Բասիեւը: Նրանցից, սակայն, միայն Բասիեւին հաջողվեց դուրս գալ եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի Ադրբեջանի ներկայացուցիչը:
Ջաբուրյանը քառորդ եզրափակիչում առավելության հասավ ուկրաինացի Վլադիմիր Դուբովոյի նկատմամբ: Առաջին խաղափուլում Միհրանը մրցակցին զիջեց 0:7 հաշվով, սակայն չընկճվեց եւ հաջորդ 2 խաղափուլերում հաղթեց 2:0 եւ 6:4 հաշիվներով: Կիսաեզրափակիչում Ջաբուրյանը հանդիպեց դաղստանցի Նաիրման Իսրապիլովին (Ռուսաստան), որը 2008 թ. աշխարհի երիտասարդական առաջնության հաղթողն է: Կիսաեզրափակիչում Միհրանը պարտվեց եւ ավելի ուշ կպայքարի բրոնզե մեդալի համար:
66 կգ քաշային Ժիրայր Հովհաննիսյանը քառորդ եզրափակիչում 9:0 հաշվով առավելության էր հասել սլովակ Ռոբերտ Օլեի նկատմամբ: Կիսաեզրափակիչում Ժիրայրի մրցակիցն էր Ուկրաինայի ներկայացուցիչ Անդրեյ Ստադնիկին, որին հայ ըմբիշը պարտվեց: Ժիրայրը եւս պայքարելու է բրոնզե մեդալի համար:
2008 թ. օլիմպիական խաղերի մասնակից 84 կգ Հարություն Ենոքյանը քառորդ եզրափակիչում պարտվեց Լեհաստանի ներկայացուցիչ Ռադոսլավ Մարցինկիեւիչին: Մրցամարտն անցավ հավասար պայքարում, եւ Հարությունը 1:2 հաշվով զիջեց մրցակցին: Մարցինկիեւիչը դուրս չեկավ եզրափակիչ, եւ Հարություն Ենոքյանն զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:
120 կգ Ռուսլան Բասիեւը 3-րդն էր Հայաստանի ներկայացուցիչներից, որ իրավունք ստացավ հանդես գալ կիսաեզրափակիչում: Բասիեւը քառորդ եզրափակիչում հաղթեց վրացի Դավիթ Օտիաշվիլիին:
Կիսաեզրափակիչում Բասիեւը ուժերը չափեց ուկրաինացի Վասիլի Տեսմինեսկիի հետ եւ դարձյալ հաղթեց: Ռուսլանը դուրս եկավ եզրափակիչ, որտեղ հանդիպելու է ադրբեջանցի Ալի Իսաեւի հետ: Անկախ եզրափակիչի արդյունքից` Բասիեւը Հայաստանի համար ապահովեց արծաթե մեդալ: