Ավելի անփորձ մրցավար
Աջակցիր «Ա1+»-ինՎաղը Տալինում կայանալիք Էստոնիա-Հայաստանի աշխարհի 2010 թ. առաջնության ընտրական հանդիպումը սպասարկելու է Շվեյցարիայի մրցավարական բրիգադը` Սիրիլ Զիմերմանի գլխավորությամբ:
Մարտի 28-ին Երեւանում կայացած Հայաստան-Էստոնիա հանդիպումից հետո լուրջ քննարկումներ ծավալվեցին հանդիպման մրցավարության կապակցությամբ: Լյուքսեմբուրգի մրցավարական բրիգադը կոպիտ սխալներ թույլ տվեց, եւ շատերը դա վերագրեցին նրանց անփորձ լինելուն:
Սակայն էլ ավելի անփորձ է Շվեյցարիայի մրցավարական բրիգադը, իսկ Սիրիլ Զիմերմանն առաջին անգամ է վարելու ազգային հավաքականների մասնակցությամբ պաշտոնական հանդիպում: ՖԻՖԱ-ն դեռեւս փետրվարին որոշել էր հանդիպումը վստահել Մալթայի մրցավարական բրիգադին` Անտոն Զամիթի գլխավորությամբ: Սակայն վերջինս վնասվածքից պատճառով չէր կարող սպասարկել Էստոնիա-Հայաստան մրցավեճը, ուստի ՖԻՖԱ-ն ստիպված էր նոր մրցավարի վստահել ընտրական հանդիպումը:
Սիրիլ Զիմերմանը ՈՒԵՖԱ-ի հեռանկարային մրցավարներից մեկն է եւ ընդամենը 33 տարեկան: Կարճատեւ կարիերայի ընթացքում Զիմերմանը վարել է 7 միջազգային հանդիպում, որոնցից 2-ը ակումբային մակարդակում: Զիմերմանը այս տարի հրավիրվել է նաեւ Թունիս` սպասարկելու ազգային գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը:
Զիմերմանին կօգնեն եզրայիններ Բրունո Ցուրբրուեգը եւ Ժան-Պոլ Ռեմին: 4-րդ պաշտոնյան է Ժերոմ Լապերյեն: