Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարզչին հեռացրին խաղից առաջ

Սպորտ

Երեկ աշխատանքից ազատված դանիացի Յան Պոուլսենը ֆուտբոլի Հայաստանի հավաքականը 14-րդ մարզիչն էր: Իր 17-ամյա պատմության ընթացքում Հայաստանը բավական հաճախակի է փոխում մարզիչներին:

Վերջին 7 տարիներն Հայաստանի հավաքականի ղեկը վստահվել է արտասահմանցի մասնագետների, սակայն նրանք առավելագույն 1 տարի հետո ազատվել են աշխատանքից կամ հեռացել սեփական նախաձեռնությամբ, իսկ լուսահոգի Յան Պորտերֆիլդի աշխատանքը կիսատ մնաց մահվան պատճառով:

Դանիացի Յան Պոուլսենը Հայաստանի հավաքականը գլխավորեց 2008 թ. հունվարին: Քիչ անց Պոուլսենի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը մեկնեց Մալթա, որտեղ մասնակցեց միջազգային մրցաշարի: Մեր ընտրանին Մալթայի մրցաշարում 2 հաղթանակ տոնեց եւ 1 խաղում կրեց պարտություն: Սկիզբը խոստումնալից էլ:

Հետագայում Պոուլսենի գլխավորությամբ Հայաստանը 3 ընկերական հանդիպումներ անցկացրեց, որոնցում դարձյալ դրական տպավորություն թողեց:Բայց ընկերական հանդիպումներում Հայաստանի ցույց տված արդյունքները մոլորության մեջ էին գցել Հայաստանի ֆուտբոլային հասարակությանը:

2010 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլը ցույց տվեց, որ Հայաստանը պատրաստ չէր պաշտոնական հանդիպումներում դրական արդյունքի հասնել: 2008 թ. սեպտեմբերին Պոուլսենի գլխավորած հավաքականը մեկը մյուսի հետեւից 4 անփառունակ պարտություն կրեց, որոնցից 2-ում մրցակիցներից զիջեց խոշոր հաշիվներով:

Դեռեւս 2008 թ. նոյեմբերին Յան Պոուլսենը հայտնվեց սուր քննադատության տակ, սակայն ՀՖՖ ղեկավարությունը չհեռացրեց դանիացի մարզչին: Մարզչին տրվեց վերջին հնարավորությունը, որը մարտի 28-ին Երեւանում կայացած Էստոնիայի հետ մրցավեճն էր:

Այս խաղում հաղթելու դեպքում Պոուլսենը կպահպաներ պաշտոնը, սակայն Հայաստանը ոչ միայն չհաղթեց, այլեւս կասկածելի գոլի շնորհիվ վերջին րոպեներին խուսափեց պարտությունից` 2:2: Հենց այդ արդյունքն էլ ճակատագրական եղավ դանիացու համար, որի գլխավորությամբ Հայաստանը այդպես էլ հաղթանակ չտոնեց պաշտոնական հանդիպումներում:

Այժմ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատարը Վարդան Մինասյանն է (հավաքականը գլխավորել է նաեւ 2007 թ. աշնանը): Հենց նրա գլխավորությամբ էլ Հայաստանը վաղը հանդես կգա Տալինում Էստոնիայի դեմ կայանալիք խաղում:

Թե որքան կմնա այս պաշտոնում Մինասյանը դժվար է ասել: Առաջիկայում ՀՖՖ-ն մտադիր է արտասահմանից հրավիրել նոր մարզչի, իսկ դա Հայաստանում որպես կանոն երկար գործընթաց է: