Ինչպես հայտնվել մարզադաշտում
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստան-Էստոնիա ընտրական հանդիպումից առաջ բավական քիչ տոմսեր էին վաճառվել: Երեքից յոթ հազար դրամ արժողությամբ տոմսերի մեծ մասը այդպես էլ մնացել էին տոմսարկղերում, իսկ տոմսեր գնած ֆուտբոլասերների մի մասը խաղից հետո իրենց դժգոհությունը հայտնեցին "Ա1+"-ին:
"Հինգ հազար դրամ տվեցի արեւելյան տրիբունայի տոմս առա, բայց խաղից 2 րոպե առաջ իմացա, որ դարպասները բացել են եւ հազարից ավել մարդ անվճար մտավ ներս: Եթե անվճար կարող էին թողնել, ուրեմն մինչեւ այս կարող էինք ավելի էժան սահմանել տոմսերի գները",-վրդովված ասաց 51-ամյա Սարգիսը:
Հանդիպմանը ներկա էին ընդամենը 3500 ֆուտբոլասերներ, իսկ թե նրանց թվում կային անվճար խաղադաշտում հայտնվածներ "Հանրապետական" մարզադաշտից աշխատակազմից պարզվել չհաջողվեց: Ամեն դեպքում դարպասները բացելու դեպքում ֆուտբոլասերների թիվը պետք է որ ավելի շատ լիներ:
Սարգիսը նշեց նաեւ, որ արեւելյան տրիբունայում նկատել էր ՄԻԱԿ կուսակցության անդամերի. "Այդ կուսակցության անդամները ասացին, որ անվճար են ստացել խաղի տոմսերը, իսկ հասարակ ֆուտբոլասերների մեծ մասը թանկ գների պատճառով ստիպված էին տանը դիտել խաղը":
Հայաստանի հավաքականի մասնակցությամբ հանդիպումներում վաղուց ֆուտբոլասերները նման պասիվ չէին եղել: Համեմատության համար նշենք, որ Հայաստանի եւ Թուրքիայի երիտասարդական հավաքականների միջեւ 2008 թ. օգոստոսին կայացած խաղին ներկա էին 18 հազար ֆուտբոլասերներ: Այս խաղի մուտքը ազատ էր: Ավելի ուշ կայացած Հայաստան-Թուրքիա ազգային հավաքականների հանդիպմանը "Հրազդան" մարզադաշտում հետեւեց 38 հազար ֆուտբոլասեր: Խաղի տոմսերը արժեին 3-10 հազար դրամ:
Հայաստանի հավաքականի մասնակցությամբ երեւանյան հանդիպումներում ռեկորդը գրանցվել է 1996 թ. հոկտեմբերին, երբ Հայաստանը "Հրազդան" մարզադաշտում հյուրընկալեց Եվրոպայի այն ժամանակվա գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականին: Հանդիպմանը հետեւել են 52 հազար ֆուտբոլասերներ: