Հայաստանին "դատել" են Լեհաստանում
Աջակցիր «Ա1+»-ինԼեհաստանում ավարտվեց "Ֆելիքս Շտամի" բռնցքամարտի հուշամրցաշարը, որում Հայաստանը նվաճեց մեկ արծաթե մեդալ:
Բռնցքամարտի Հայաստանի հավաքական գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի կարծիքով' լեհերը ամեն բան արեցին Հայաստանին ոսկիից զրկելու համար: Մեհրաբյանին խիստ զայրացրել էր այն հանգամանքը, որ եզրափակիչի ուղեգիր նվաճած 91 կգ քաշային Ցոլակ Անանիկյանին բժիշկները արգելել են դուրս գալ ռինգ:
"Ցոլակը պատրաստ էր եզրափակիչին, որտեղ պայքարելու էր ոսկե մեդալի համար, սակայն խաղից առաջ տեղի ունեցած բուժզննման ժամանակ լեհ բժիշկը առանց որեւէ հիմնավորման ասաց, թե Ցոլակը ի վիճակի չէ եւ նրան ռինգ դուրս գալ չի կարող: Ասացին, թե իբր դեմքին վրա վնասվածքի հետքեր կան եւ դա վտանգավոր է",-նշեց Մեհրաբյանը:
Մարզչի կարծիքով' լեհերը դիտավորյալ թույլ չեն տվել հայ մարզիկին դուրս գալ ռինգ. "Անանիկյանը եզրափակիչում հանդիպում էր Լեհաստանի ներկայացուցիչի հետ եւ նրանք արհեստականորեն թույլ չտվեցին մեր մարզիկին պայքարել ոսկե մեդալի համար: Մյուս քաշային կարգերում եւս կային բռնցքամարտիկներ, որոնք ուռած դեմքերով էին մոտենում եզրափակիչին, սակայն նրանց ոչ ոք չարգելեց":
Հայկական պատվիրակությունը կատարվածի մասին փորձել է պարզաբանումներ ստանալ կազմակերպիչներից:
"Մենք դիմեցինք նաեւ կազմակերպիչներին, սակայն նրանք ասացին, որ որոշողը բժիշկն է եւ իրենք ոչինչ անել չեն կարող: Իսկ ես ամենայն պատասխանատվությամբ կարող եմ հայտարարել, որ Ցոլակը պատրաստ է եզրափակիչին"-եզրափակեց Ռաֆայել Մեհրաբյանը:
"Ֆելիքս Շտամի" հուշամրցաշարում ելույթ էին ունեցել եւս 4 հայ բնռցքամարտիկներ, որոնք պարտվել էին նախքան կիսաեզրափակիչը: