Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կասպարովը կփոխարինի Բերեզովսկուն

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը այսօր իր վերջին մարզումը անցկացրեց Երեւանում Էստոնիա մեկնելուց առաջ: Հայաստանի կազմում Էստոնիա կմեկնեն 2 դարպասապահներ' Գեւորգ Կասպարովը եւ Մայիս Ազիզյանը:

Իսկ ահա հիմնական դարպասապահ Ռոման Բերեզովսկին առաջիկա հանդիպմանը չի մասնակցի: Փորձառու ֆուտբոլիստը ինչպես եւ կիսապաշտպան Արթուր Ոսկանյանը վնասվածք ունի: Բերեզովսկու փոխարեն Հայաստանի հավաքականի դարպասը կպաշտպանի պարսական "Տերակտոր Սազի" թիմում ելույթ ունեցող Գեւորգ Կասպարովը, որը հավաքականում հանդես գալու փորձ արդեն ունի: Վերջին անգամ Կասպարովը Հայաստանի հավաքականում հանդես է եկել Լատվիայի հետ փետրվարին կայացած ընկերական խաղում:

Հայաստանի հավաքականի կազմում վաղը Տալին են մեկնելու 18 ֆուտբոլիստներ, որոնցից միայն Մայիս Ազիզյանը եւ "Փյունիկի" պաշտպան Կարեն Խաչատրյանը ընդգրկված չէին Էստոնիայի հետ կայացած առաջին խաղի հայտացուցակում:

Ապրիլի 1-ին կայանալիք Էստոնիա-Հայաստան հանդիպումը դարձյալ կսկսվի Երեւանի ժամանակով 20:00-ին: Այն կկայանա Տալինի "Ա Լե Կոք Արենա" մարզադաշտում, որը ունի 17 հազար նստատեղ: Ըստ էստոնական մամուլի հանդիպմանը ներկա կլինեն շուրջ 10 հազար ֆուտբոլասերներ: Սպասվում է, որ Հայաստանին աջակցելու են նաեւ 500 հայ երիտասարդներ, որոնք դեռեւս խաղից 20 օր առաջ սկսել էին նախապատրաստվել հանդիպմանը: