Էստոնիան մեղադրում է մրցավարին
Աջակցիր «Ա1+»-ինԷստոնիայի հավաքականի գլխավոր մարզիչը եւ ֆուտբոլիստները, վերադառնալով հայրենիք, իրենց դժգոհությունն են հայտնել Երեւանում կայացած մրցավարության կապակցությամբ: Էստոնացիները գտնում են, որ մարտի 28-ին կայացած Հայաստան-Էստոնիա խաղում հայ ֆուտբոլիստների խփած 2-րդ գոլը լյուքսեմբուրգցի մրցավարը անարդարացիորեն է հաշվել:
Էստոնիայի հավաքականի ավագ Ռայո Պիրոյան նշել է, որ 85-րդ հանդիպումն էր անցկացնում ազգային թիմում, սակայն նման անորակ մրցավարություն չէր տեսել. "Լյուքսեմբուրգցիներից ուրիշ բան սպասել չէր էլ կարելի: Նրանք սիրողական մակարդակ ունեն: Լյուքսեմբուրգում նորմալ առաջնություն չի անցկացվում: Նախկինում Էստոնիային դեռ այսպես չէին "դատել": Մեր դարպասը խփած գոլը անարդարացի էր եւ հաղթանակը պարզապես գողացան":
Մրցավարի հասցեին վիրավորական արտահայտություններ է արել նաեւ Էստոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տարմո Ռուտլին: Երեւանում խաղից հետո կայացած ասուլիսում Ռուտլին կոռեկտ արտահայտվեց մրցավարության մասին, երբ պատասխանում էր հայ լրագրողների հարցերին: Իսկ ահա էստոնացիների հետ մարզիչը անկեղծացել է. "Որքան կարելի է թքել քամուն հակառակ: Ժամանակն է, որ ֆուտբոլում կիրառվի վիդեոտեսագրությունը, որը թույլ կտա պարզել, թե երբ է գնդակը հատում դարպասային գիծը: Մրցավարը իրավունք չուներ խանգարել մեզ, թե չէր տեսել' իրականում ինչ է կատարվել այդ պահին: Մրցավարը աչքի ընկավ անհեթեթ որոշմամբ":
Ի դեպ, էստոնացիներից ոչ-ոք չի փորձել անդրադառնալ մրցավարական այն սխալին, որի շնորհիվ Էստոնիայի հավաքականը 66-րդ րոպեին 2-րդ գնդակը ուղարկեց Հայաստանի հավաքականի դարպասը: Այդ դրվագում Էստոնիայի հավաքականի հարձակող Զենեւը բացահայտ խաղից դուրս վիճակում էր, սակայն եզրային մրցավարը դա չարձանագրեց, իսկ Զենեւը, շարժվելով առաջ, խաբս տվեց Ռոման Բերեզովսկուն եւ հանգիստ գրավեց դարպասը:
Այժմ էստոնացիները անհամբեր սպասում են պատասխան հանդիպմանը եւ հույս ունեն հաղթել Հայաստանին Տալինում:
Իսկ ահա Էստոնիայի հավաքականի հարձակվող Կոնստանտին Վասիլեւը խորհուրդ է տվել չշտապել. "Մենք ցանկանում ենք հաղթել Տալինում, սակայն ցանկանալը դեռ բավական չէ: Պետք է այլ կերպ մոտենանք խաղին, քանի որ հայերը Երեւանում կայացած հանդիպումից հետո եզրակացություններ կանեն":