Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օրացույց. Մարտի 30

Սպորտ

Մարտի 30-ին ծնվել են

1969-Քրիստոֆեր Բաուման (ամերիկացի գեղասահորդ)

Ամերիկացի հայտնի գեղասահորդը 1982-1992 թթ. հանդես է եկել մի շարք խոշոր մրցաշարերում եւ նվաճել բազմաթիվ մեդալներ: Կարիերան ավարտելուց հետո Բաումանը տարվեց թմրադեղերով, որոնց պատճառով էլ 2008 թ. հունվարի 10-ին հեռացավ կյանքից 38 տարեկան հասակում:

1973-Յան Կոլեր (չեխ ֆուտբոլիստ)

Երկար տարիներ 202 սմ հասակ ունեցող Կոլերը հանդիսանում էր աշխարհի ամենաբարձրահասակ ֆուտբոլիստը, սակայն վերջին տարիներին ի հայտ է եկել նաեւ նույն հասակով մեկ այլ խաղացող' սերբ Նիկոլա Ժիգիչը: Յան Կոլերը առավել հայտնի է 2001-06 թթ. Դորտմունդի "Բորուսիայում" ունեցած ելույթներով: Չեխ հսկան ներկայումս հանդես է գալիս Սամարայի "Կռիլյա Սովետովում": Հարձակման գծում հանդես եկող այս ֆուտբոլիստը կարիերայի ընթացքում շուրջ 250 գոլ է խփել, որոնց մեծ մասը' գլխով: Կոլերը Չեխիայի հավաքականի կազմում 3 անգամ գրավել է նաեւ Հայաստանի հավաքականի դարպասը (2004-05 թթ.):

1976-Տայ Կոնկլին (ամերիկացի հոկեյիստ)

ԱՄՆ-ի հավաքականի նախկին դարպասապահը NHL-ում հանդես գալու մեծ փորձ ունի: 2007 թվականից հանդես է գալիս "Բաֆալոյում":

1979-Անատոլի Տիմոշչուկ (ուկրաինացի ֆուտբոլիստ)

Ուկրաինայի հավաքականի եւ Սանկտ Պետերբուրգի "Զենիթի" ֆուտբոլիստը այսօր դառնում է 30 տարեկան: Տիմոշչուկը կարիերայի ընթացքում արժանացել մի շարք տիտղոսների, սակայն ամենամեծ նվաճումը ուկրաինացին արձանագրեց 2008 թ. մայիսին, երբ "Զենիթի" կազմում դարձավ ՈՒԵՖԱ-ի գավաթակիր:

1980-Ռիկարդո Օսորիո (մեքսիկացի ֆուտբոլիստ)

Մեքսիկայի հավաքականի առանցքային պաշտպանը 2006 թվականից ելույթ է ունենում գերմանական "Շտուտգարտում":

1984-Մարիո Անչիչ (խորվաթ թենիսիստ)

Կարիերայի ընթացքում Անչիչը հաղթել է 3 միջազգային մրցաշարերում եւ ընդհանուր առմամբ վաստակել 4 մլն դոլար: "Մեծ սաղավարտի" մրցաշարերում խորվաթ թենիսիստը երբեք չի հաղթել: Լավագույն արդյունքը այստեղ եղել է 2004 թ. "Ուիմբլդոնի" մրցաշարում, որտեղ Անչիչը հասավ մինչեւ կիսաեզրափակիչ:

1986-Սերխիո Ռամոս (իսպանացի ֆուտբոլիստ)

Մադրիդի "Ռեալի" պաշտպանը այսօր դառնում է 23 տարեկան, սակայն արդեն հասցրել է 47 հանդիպում անցկացնել Իսպանիայի հավաքականի կազմում: Ռամոսը բավական վաղ տարիքից հայտնվել մեծ ֆուտբոլում: 16 տարեկանում Սերխիոն հայտնվեց հարազատ "Սեւիլիայում", սակայն 2 տարի անց Ռամոսին հրավիրեցին Մադրիդի "Ռեալ", որտեղ էլ այժմ նա համարվում է առանցքային ֆուտբոլիստ: