"Կհաղթենք, եթե արագ խաղանք"
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արթուր Ոսկանյանը վաղը Հայաստանի հավաքականի հետ չի մեկնի Տալին' մասնակցելու Էստոնիայի հետ ապրիլի 1-ին կայանալիք հանդիպմանը:
Ոսկանյանը "Ա1+"-ին հայտնեց, որ մարտի 28-ին Երեւանում կայացած Հայաստան-Էստոնիա (2:2) խաղի ընթացքում ստացած վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել առաջիկա հանդիպմանը. "Դեռ չգիտեմ, թե երբ կապաքինվեմ: Բժիշկները ասացին, որ 2 օր հանգիստ է պետք ինձ, որի հետո սկսկեմ վազել, եթե, իհարկե, ոտք չցավի":
Արթուրը վնասվածքի պատճառով փոխարինվեց ընդմիջմանը եւ մասնակցեց միայն խաղի առաջին կեսին: Փորձառու ֆուտբոլիստի կարծիքով այս խաղում Հայաստանը հաղթելու լավ հնարավորություն ուներ. "Գիտեք, որ ընտրական այս փուլում անհաջող էինք մեկնարկել եւ հաղթելու ցանկությունը շատ մեծ էր: Հենց այդ ցանկություն էր պատճառը, որ մեր գործողություններում հատկապես 2-րդ կեսում շտապողականություն կար: Այդ շտապողականության արդյունքում շատ սխալներ էինք թույլ տալիս: Փոխանցումների մի մասը սխալ էր ստացվում: Եթե ավելի հանգիստ գործեինք, ապա կարող էինք 3 միավոր վաստակել":
Արթուր Ոսկանյանի կարծիքով' պատասխան խաղում Հայաստանի հավաքականը կարող է ավելի հաջող հանդես գալ. "Երեւանյան մրցավեճը ցույց տվեց Էստոնիայի հավաքականի ուժեղ եւ թույլ կողմերը: Կարծում եմ' էստոնացիներին կարելի է հաղթել: Երբ արագ փոխանցումներով էինք խաղում, մրցակիցը հայտնվում էր ցայտնոտի մեջ, իսկ երբ անհատական խաղով էինք տարվում, էստոնացիները հասցնում էին խափանել մեր գրոհները: Ավելի գրագետ եւ արագ ֆուտբոլ ցուցադրելու դեպքում' Հայաստանը վաղը հաղթելու շատ մեծ հնարավորություն կունենա":