Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի առաջին միավորը

Սպորտ

 

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն առաջին միավորը վաստակեց 2010 թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլում: Հայ ֆուտբոլիստները 2:2 հաշվով ավարտեցին Էստոնիայի հետ հանդիպումը:

Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղին ներկա էին շուրջ 4000 հանդիսականներ, որոնք ողջ հանդիպման ընթացքում ակտիվորեն աջակցում էին Հայաստանի ազգային թիմին:

«Գոհ չեմ թիմի խաղից: Մենք շատ սխալներ էինք թույլ տալիս: Խաղացողները տարվում էին անհատական խաղով եւ փորձում էին շրջանցել 5-6 ֆուտբոլիստների»,-խաղից հետո ասաց Հայաստանի հավաքականի դանիացի մարզիչ Յան Պոուլսենը: Վերջինս խիստ զայրացած էր եւ գտնում էր, որ խաղացողները չեն կատարել իր հանձնարարությունները. «Ողջ թիմը վատ խաղաց եւ ես կոնկրետ անուններ տալ չեմ ցանկանում: Խաղից առաջ խոսել էինք ֆուտբոլիստների հետ եւ նշել, որ պետք է արագ խաղան` կարճ փոխանցումներով: Սակայն, դանդաղ էինք գործում եւ սխալվում պարզ իրադրություններում»:

Խաղի արդյունքից գոհ չէր նաեւ Էստոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տարմո Ռուտլին. «Դժվար է բավարարված լինել մի խաղից, որի ընթացքում հաղթելուց ես լինում 2:1 հաշվով եւ վերջում գնդակ ես ընդունում: Այն էլ սատանան գիտի, թե մեր դարպասը խփած գոլի իրոք «մաքուր» գոլ էր, թե` ոչ»: Մարզիչը գտնում էր, որ հայ ֆուտբոլիստի հարվածից հետո գնդակը չէր հատել դարպասային գիծը:

Ռուտլին նշեց նաեւ, որ Հայաստանը ոչնչով չզարմացրեց իրեն. «Ես գիտեի, որ Հայաստանի հավաքականի խաղացողները տեխնիկապես լավ են պատրաստված եւ որեւէ անկնակալ բան չտեսա: Ամեն դեպքում լավ է, որ դատարկ ձեռքներով չենք հեռանում այստեղից»:

Հայաստանի եւ Էստոնիայի հավաքականները կհանդիպեն նաեւ ապրիլի 1-ին, բայց արդեն Տալինում: Երկու հավաքականների գլխավոր մարզիչներն էլ ընդգծեցին, որ հաջորդ խաղում պայքարելու են հաղթանակի համար: