Վաղը Եվրոպայում ֆուտբոլային օր է
Աջակցիր «Ա1+»-ինՎաղը կայանալու են 2010 թ. աշխարհի առաջնության եվրոպական գոտու մի շարք հանդիպումներ: Ուշադրության կենտրոնում կլինի 5-րդ ընտրական խումբը, որտեղ ընդգրկված է նաեւ Հայաստանի հավաքականը:
Սակայն ֆուտբոլային Եվրոպայի ուշադրության կենտրոնում է ոչ թե Հայաստան-Էստոնիա , այլ Իսպանիա-Թուրքիա խաղը: Եվրոպայի չեմպիոնը հյուրընկալելու է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակրին: Այս խաղից հետո արդեն որոշակիորեն պարզ կդառնա, թե ով է դառնալու 5-րդ ընտրական խմբի հաղթողը: Իսպանացիները խաղադաշտ են դուրս գալու առանց Կառլես Պույոլի, Ինյեստայի եւ Սեսկ Ֆաբրեգասի: 5-րդ խմբի մեկ այլ խաղում Բելգիան հյուրընկալելու է Բոսնիայի հավաքականին:
Եվրոպայի մեկ այլ բրոնզե մեդալակիր Ռուսաստանը Մոսկվայում 4-րդ խմբի շրջանակներում մրցելու է Ադրբեջանի հետ: Մոսկվայի խոշորագույն' "Լուժնիկի" մարզադաշտում կայանալիք մրցավեճում բացահայտ ֆավորիտ են համարվում ռուսները: Ըստ ռուսական ԶԼՄ-ների' խաղի տոմսերը գրեթե սպառվել են եւ հանդիպմանը հետեւելու են շուրջ 60 հազար ֆուտբոլասերներ, որոնցից 6-7 հազարը լինելու են ադրբեջանցիներ:
Ֆրանսիայի հավաքականը 7-րդ խմբում հյուրընկալվելու է Լիտվային: Պարտության դեպքում ֆրանսիացիները կհայտնվեն բավական բարդ իրավիճակում, իսկ գլխավոր մարզիչ Ռայմոն Դոմենեկի հրաժարականը կդառնա խիստ հավանական: Իսկ Լիտվան բավական հաջող է հանդես գալիս ընթացիկ ընտրական փուլում եւ ներկայումս 5 միավորով առաջ է անցել ֆրանսիացիներից:
Աշխարհի չեմպիոն Իտալիայի հավաքականը 8-րդ խմբում հյուրընկալվելու է Չեռնոգորիային: Իտալացիները նախորդ տարի սեփական հարկի տակ մեծ դժվարությամբ հաղթեցին նախկին հարավսլավական պետությանը: Մասնագետների կարծիքով Չեռնոգորիան սեփական հարկի տակ կարող է միավորներ խլել Իտալիայից, ինչպես որ դա արեց Բուլղարիայի եւ Իռլանդիայի հավաքականների հետ հանդիպումներում:
Հետաքրքիր հանդիպում է սպասվում նաեւ 1-ին խմբում, որտեղ Պորտուգալիան հյուրընկալելու է Շվեդիային: 2 հավաքականներն էլ մեկնարկում են միավորների կորուստ են ունեցել եւ այս խաղում պայքարելու են միայն հաղթանակի համար: