Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ակնկալում են մեդալներ

Սպորտ

"Օլիմպիական կոմիտեն եւ ըմբշամարտի ֆեդերացիան արել են ամեն բան, որ հավաքականները լավ պատրաստվեն Եվրոպայի առաջնությանը: Կարծում եմ դա հաջողվել է եւ մենք ակնկալում ենք մեդալներ թե ազատ ոճի, թե հունա-հռոմեականից",- "Ա1+"-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Բազմասեր Առաքելյանը:

Հայաստանի ազատ եւ հունա-հռոմեական ոճի հավաքականները մարտի 31-ից Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում մասնակցելու են Եվրոպայի առաջնությանը: Հավաքականների կազմում ընդգրկված են 7-ական ըմբիշներ:

"Ազատ ոճի հավաքականը այս օրերին գտնվում է Բելառուսի "Ստայկի" հանրահայտ մարզաբազայում, որտեղից էլ կմեկնի մրցավայր: Իսկ հունա-հռոմեական ոճի հավաքականը Հայաստանում է նախապատրաստվել: 2 հավաքականներն էլ հիմնական կազմում են մասնակցելու Եվրոպայի առաջնությանը"-վստահեցրեց Բազմասեր Առաքելյանը:

Այն հարցին, թե արդյոք ըմբշամարտի ֆեդերացիան մտադիր է վերադարձնել Հայաստան եվրոպական երկրներում ելույթ ունեցող հայազգի ըմբիշներին, Բազմասեր Առաքելյանը ասաց. "Արտասահմանից ըմբիշ հրավիրելու որոշումը կայացնում են ՀՕԿ-ղեկավարները եւ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահը: Ես նման իրավասություն չունեմ, բայց կարծում եմ, որ եթե առաջիկա Եվրոպայի առաջնությունում մեր հայրենակիցները հաջող ելույթ ունենան այլ երկրների դրոշի ներքո, ապա ուշադրության կարժանան Հայաստանի կողմից":

Բազմասեր Առաքելյանը հայտնեց նաեւ, որ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գրասենյակը արդեն տեղակայված է ոչ թե սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարությունում, այլ առանձին հասցեում. "Ֆեդերացիայի համար հարմարավետ գրասենյակ է հատկացվել Կորյունի փողոցի վրա, որտեղ էլ վերջին շրջանում կազմակերպվում են աշխատանքները":