Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարզչի երազանքը

Սպորտ

Ֆուտբոլի Էստոնիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Տարմո Ռյուտլին երազում է վաղը եւ ապրիլի 1-ին կայանալիք Հայաստանի ազգային հավաքականի հետ մրցավեճերում իր ֆուտբոլիստների չորս միավոր վաստակելու մասին: «Գերազանց կլիներ, երեւանյան խաղում մեկ միավոր վաստակեինք, իսկ Տալինում հաղթանակ տոնեինք: Դա միայն երազանք է, իսկ եթե խաղին ռեալ մոտեանք ապա կողմերի հնարավորությունները հավասար են»,- ասաց Ռյուտլին քիչ առաջ կայացած մամլո ասուլիսում:

Էստոնացի մասնագետի կարծիքով Հայաստանի հավաքականում վառ անհատականություններ կան, որոնք իրենց ետեւից կարող են տանել խաղընկերներին: Թե, ովքեր են այդ անհատականությունները Ռյուտլին չկարողացավ թվարկել, քանզի չգիտեր հայ ֆուտբոլիստների ազգանունները: «Մենք դավանում ենք կոլեկտիվ եւ արագ ֆուտբոլ, իսկ հայերը փորձում են հաջողության հասնել գործի դնելով բարձր տեխնիկան»,- հավելեց Էստոնիայի ազգային թիմի գլխավոր մարզիչը: Պատասխանելով «Ա1+»-ի այն հարցին, թե ինչի շնորհիվ իր իսկ գլխավորած հավաքականը 1999 թ Տալինում կայացած ընկերական խաղում 2-0 հաշվով հաղթեց Հայաստանի հավաքականին, Ռյուտլին ասաց. «Այն ժամանակ պատկերը լրիվ այլ էր: Չեմ ցանկանում խոսել այդ հանդիպման մասին: Այսօրվա դրությամբ մեր հաղթանակը միայն ու միայն վիճակագրություն է»:

Ի դեպ, Ռյուտլին վստահ է, որ մի քանի տարի հետո Էստոնիայի հավաքականը շատ ավելի բարձր դիրքի վրա կլինի եւ ի զորու կլինի պայքարել աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլերի ուղեգրերի համար:

«Մեր երկրում այսօր մեծ աշխատանքներ են տարվում ֆուտբոլը զարգացնելու համար: Կառուցվում են մարզադպրոցներ, մարզադաշտեր, եւ մեծ ուշադրություն է դարձվում հատկապես մանկապատանեկան ֆուտբոլին: Պատանիների շարքերում ունենք տաղանդավոր ֆուտբոլիստներ, ովքեր շուտով կպաշտպանեն ազգային հավաքականի պատիվը»,- հավելեց նա: