Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղեգրերի հնարավորությունը փոքր է

Սպորտ

Հայ լողորդներն այս տարի պատրաստվում են մասնակցել ամռանը կայանալիք աշխարհի մեծահասակների եւ Եվրոպայի պատանեկան առաջնություններին: Լավագույններին որոշելու համար Դավիթ Համբարձումյանի անվան լողավազանում անցկացվեց Հայաստանի առաջնություն:

Առաջնությունը ցույց տվեց, որ մերոնք դեռ պատրաստ չեն խոշոր մրցաշարերում բարձր արդյունքների հասնել: Հիմնական պատճառն այն է, որ հայ մարզիկների գերակշռող մասը մարզվում են 25 մ երկարություն ունեցող լողավազաններում, մինչդեռ աշխարհի եւ եվրոպայի առաջնությունները անցկացվելու են 50 մ լողավազանում:

Ամեն դեպքում Հայաստանի առաջնությունում եղան տպավորիչ արդյունքներ: Մասնավորապես` պատանի լողորդուհի Անահիտ Բարսեղյանը հաջողության հասավ 50 մ, 100 մ ազատ ոճում, 50 մ բատերֆլայ ոճում, 50 մ, 100 մ, 200 մ թիկնալողում: Բարսեղյանին հաջողվեց թարմացնել նաեւ Հայաստանի ռեկորդները: Մասնավորապես 50 մ եւ 100 մ թիկնալողում Անահիտը Հայաստանի նոր ռեկորդ սահմանվեց, իսկ նախորդ ռեկորդը գրանցվել էր դեռեւս ԽՍՀՄ-ի օրոք:

Սակայն Անահիտ Բարսեղյանի արդյունքները հարաբերական են, քանի որ դրանք գրանցվել են 25 մ տարածությունում, եւ դժվար է ասել, թե լողորդուհին ինչպես ելույթ կունենա 50 մ տարածությունում:

Տղաների պայքարում առավել հաջող հանդես եկավ փորձառու Միքայել Քոլոյանը, որը մասնակցել էր 2008 թ. Պեկինում կայացած օլիմպիական խաղերին: Քոլոյանը հաղթեց 50 մ, 100 մ, 200 մ եւ 400 մ ազատ ոճում, ինչպես նաեւ 50 մ, 100 մ բատերֆլայ ոճում եւ 200 մ համալիր ոճում:

Այնուամենայնիվ, ուշադրության կենտրոնում էին պատանիները, քանի որ 2010 թ. Սիգանպուրում կայանալիք առաջին պատանեկան օլիմպիական խաղերում Հայաստանը պայքարելու է նաեւ լողից ուղեգրեր նվաճելու համար: Առայժմ հայ լողորդների արդյունքները թույլ չեն տալիս պայքարել ուղեգրերի համար: