Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը' Շտամի հուշամրցաշարում

Սպորտ

Մարտի 25-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մեկնարկում է Ֆելիքս Շտամի ավանդական մրցաշարը, որի 26-րդ խաղարկությանը կմասնակցեն նաեւ Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները: Գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ Վարշավա են մեկնել 5 բռնցքամարտիկներ:

Հայաստանի հավաքականի համար տարվա գլխավոր իրադարձությունն օգոստոսին Միլանում կայանալիք աշխարհի առաջնությունն է, որին նախապատրաստվելու նպատակով էլ հավաքականը մասնակցելու է Ֆելիքս Շտամի մրցաշարին: Հավաքականի կազմում են 57 կգ Ռոբերտ Եղիսյանը, 60 կգ Արա Պուլուզյանը, 64 կգ Հրաչիկ Ջավախյանը, 69 կգ Արմեն Եփրեմյանը եւ 91 կգ Ցոլակ Անանիկյանը:

2008 թ. օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հրաչիկ Ջավախյանը նախորդ տարի հանդես էր գալիս 60 կգ քաշայինների պայքարում, սակայն վերջին ամիսներին Ջավախյանը մարզվում է 64 կգ քաշային կարգում եւ առաջին անգամ խոշոր մրցաշարերում ելույթ կունենա այս քաշում:

Մրցաշարին մասնակցելու են նաեւ Բելառուսի, Չեխիայի, Հունգարիայի, Լիտվայի, Մոլդովայի, Սլովակիայի, Շոտլանդիայի, Շվեդիայի, Ուելսի եւ Լեհաստանի հավաքականները:

Ֆելիքս Շտամը Լեհաստանի բոլոր ժամանակների բռնցքամարտի լավագույն մարզիչն է համարվում: Շտամի սաները տարբեր ժամանակներում հաղթել են աշխարհի եւ Եվրոպայի խոշորագույն մրցաշարերում, օլիմպիական խաղերին: