Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նվաճեցին ոսկի

Սպորտ

 

Ստամբուլում կայացած ձյուդոյի միջազգային պատանեկան մրցաշարում հաջող է հանդես եկել Հայաստանի հավաքականը: Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայում «Ա1+»-ին հայտնեցին, որ հայ պատանիները մեծ թվով մեդալների են արժանացել հարեւան հանրապետությունում կայացած մրցաշարում:

Աղջիկների պայքարում ոսկե մեդալի է արժանացել 48 կգ քաշային Երջանիկ Կարապետյանը, որը հանդիսանում է Հայաստանի գավաթակիրը: Նույն քաշային կարգում Ռոզա Խաչատրյանը գրավել է 5-րդ հորիզոնականը: Աղջիկների պայքարում Հայաստանի 3-րդ ներկայացուցիչը' Ասյա Լալազարյանը, 57 կգ քաշայինների պայքարում եւս գրավել է 5-րդ հորիզոնականը:

Տղաների պայքարում ամենահաջողը հանդես է եկել 50 կգ քաշային Գարիկ Հարությունյանը, որը գրավել է առաջին հորիզոնականը: 81 կգ քաշային Արման Սողոմոնյանը, որը Հայաստանի գավաթի խաղարկությունում գրավել էր 3-րդ հորիզոնականը, արժանացել է արծաթե մեդալի: Իսկ ահա 81 կգ Հայաստանի գավաթակիր Արթուր Կռոյանը գրավել է ընդամենը 5-րդ հորիզոնականը:

60 կգ քաշայինների պայքարում Գեւորգ Թորոսյանը եւ 73 կգ Մհեր Հայրապետյանը արժանացել են բրոնզե մեդալների: Հայաստանի մյուս ներկայացուցիչները գրավել են 5-րդ հորիզոնականը: Հայաստանի պատանեկան հավաքականը Երեւան կվերադառնա վաղը:

Ֆեդերացիայում հայտնեցին նաեւ, որ մարտի 28-ին Երեւանի «Դինամո» մարզահամալիրում կկայանա Հայաստանի մինչեւ 20 տարեկան ձյուդոյիստների գավաթի խաղարկությունը: Խաղարկությանը կմասնակցեն Հայաստանի ուժեղագույն երիտասարդները տարբեր մարզերից: Տղաների պայքարում ասպարեզ դուրս կգան 8 քաշային կարգերի մարզիկներ, իսկ աղջիկների պայքարում' 5: