7500 եվրո' Լիլիթին
Աջակցիր «Ա1+»-ինՇախմատի Եվրոպայի փոխչեմպիոնուհի Լիլիթ Մկրտչյանը Սանկտ Պետերբուրգից վերադարձել է Երեւան: Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում ավարտված Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալի արժանացած հայ շախմատիստուհին «Ա1+»-ին հայտնեց, որ գոհ է իր ելույթներից, սակայն տխրել է, որ պարտությամբ ավարտեց առաջնությունը:
«Նման ուժեղ կազմ ունեցող մրցաշարում 2-րդ տեղ գրավելը համարում եմ լավ արդյունք: Գոհ եմ նաեւ նրանից, որ բարելավել եմ անհատական վարկանիշս եւ ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում կառաջադիմեմ: Մի փոքր ընկճվել եմ այն հանգամանքից, որ վերջում 1-ին տեղի համար մրցամարտում պարտվեցի Կոսինցեւեային եւ գրավեցի 2-րդ տեղը»,-նշեց Լիլիթ Մկրտչյանը:
Առաջնության հիմնական փուլի ավարտից հետո Մկրտչյանը եւ Ռուսաստանի ներկայացուցիչ Տատյանա Կոսինցեւան վաստակել էին 8.5-ական միավոր եւ հաղթողը որոշվեց այս շախմատիստուհիների միջեւ կայացած լրացուցիչ 2 պարտիաներում: Առաջնության հաղթողը ստացել է 10 հազար եվրո, իսկ արծաթե մեդալակիրը պարգեւատրվել է 7500 եվրոյով:
«Որոշիչ եղավ առաջին պարտիան, որում ես հանդես էի գալիս սպիտակներով եւ պարտվեցի: Խաղասկիզբը վատ չդասավորվեց ինձ համար, սակայն անփույթ քայլ կատարեցի, որից հետո հայտնվեցի ծանր իրավիճակում: Հետագայում եղավ մի պահ, երբ կարող էի փրկել իրավիճակը, սակայն դարձյալ վրիպում թույլ տվեցի: Հաջորդ պարտիայում հանդես էի գալիս արդեն սեւերով եւ հաղթելը շատ բարդ էր: 2-րդ պարտիայում գրանցվեց ոչ-ոքի, ինչը հավասարազոր էր ինձ համար պարտության»,-ասաց Հայաստանի հավաքականի առաջատար խաղացողը:
Առաջիկայում Լիլիթ Մկրտչյանը կհանգստանա, քանի որ կարեւոր մրցաշարերի չի մասնակցելու. «Այս տարվա մյուս կարեւոր մրցաշարերը կլինեն աշնանը: Հայաստանի հավաքականի կազմում սեպտեմբերին պետք է մասնակցեմ աշխարհի առաջնությանը: Որոշ ժամանակ անց «Միկայի» կազմում ելույթ կունենամ Եվրոպայի ակումբային առաջնությունում, ապա հավաքականի կազմում հանդես կգամ դարձյալ Եվրոպայի առաջնությունում: Իսկ մինչ աշուն կմասնակցեմ մի քանի մրցաշարերի, որոնց մասին ավելի ստույգ տեղեկություններ կլինեն առաջիկայում»: