Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխը չի թերագնահատում Էստոնիային

Սպորտ

Առաջնության առաջին հանդիպումները միշտ էլ ծանր են լինում: Բացառություն չէր նաեւ այս տարվա հանդիպումը, որում մեզ ուժեղ մրցակից էր բաժին հասել»-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց Երեւանի «Փյունիկի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որի գոլի շնորհիվ չեմպիոնը հաղթանակով սկսեց իր ելույթները Հայաստանի 2009 թ. Ֆուտբոլի առաջնությունում:

«Փյունիկի» եւ «Բանանցի» հանդիպումները միշտ էլ աչքի են ընկել լարվածությամբ: Այս անգամ եւս խաղը անցավ անհաշտ պայքարում, որում 1:0 հաշվով առավելության հասավ «Փյունիկը»: Հենրիխ Մխիթարյանը կարծում է, որ այս խաղում «Փյունիկի» հաղթանակը տրամաբանական էր. «Շատ ուրախ եմ, որ հաղթանակով սկսեցին առաջնությունը: Ամեն խաղի նախապատրաստվում են մարտական եւ մտածում միայն հաղթանակի մասին: Չեմպիոն դառնալու համար յուրաքանչյուր միավոր կարող է ճակատագրական լինել»:

Նախորդ տարվա համեմատ «Փյունիկի» կազմում, ըստ Մխիթարյանի, փոփոխությունները շատ չեն. «Միակ լուրջ փոփոխությունը դա Կարեն Դոխոյանի բացակայությունն է: Նա բավական փորձառու ֆուտբոլիստ է եւ ներկայացման կարիք չի զգում: Բայց ունենք նաեւ համալրում: Նոր ֆուտբոլիստներին կարծում եմ դեռ ժամանակ է պետք, որպեսզի իրենց լիովին դրսեւորեն»:

Այսօրվանից Հայաստանի ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել Էստոնիայի հետ մարտին 28-ին եւ ապրիլի 1-ին կայանալիք ընտրական հանդիպումներին: Հենրիխ Մխիթարյանը դարձյալ հրավեր է ստացել ազգային հավաքականից եւ անհամբեր սպասում է առաջիկա հանդիպումներին. «Կարող եմ վստահեցնել, որ հավաքականը ամեն բան կանի հաղթանակի հասնելու համար: Եթե Էստոնիային համեմատենք մեր նախորդ մրցակիցների' Թուրքիայի, Իսպանիայի, Բելգիայի եւ Բոսնիայի հետ, ապա էստոնացիները իրենց մակարդակով ավելի ցածր են: Սակայն դա չի նշանակում, որ պետք է թերագնահատենք նրանց»: