Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քարամյանները, Բերեզովսկին եւ Պաչաջյանը

Սպորտ

 

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի խաղացողները իրենց ակումբներում վերջին հանդիպումներն են անցկացրել մարտի 28-ին Էստոնիայի հետ կայանալիք հանդիպումից առաջ: Կան ֆուտբոլիստներ, որոնք առաջիկա հանդիպմանը կմոտենան առանց խաղային պրակտիկայի:

Ռուսաստանի առաջնության 2-րդ տուրում Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու դարպասը 3 գնդակ ուղարկեցին Մոսկվայի «Դինամոյի» խաղացողները: «Խիմկին» այս խաղում պարտվեց 2:3 հաշվով:

Դանիայի առաջնության 21-րդ տուրում Ռոբերտ Արզումանյանի «Ռանդերսը» սեփական հարկի տակ 0:2 հաշվով պարտվել է «Բրոնդբյուին», իսկ հայ պաշտպանը հանդիպմանը հետեւել է պահեստայինների նստարանից: Թեեւ «Ռանդերսը» պաշտպանությունում բավական անհաջող է հանդես գալիս, սակայն Արզումանյանին շարունակում է դուրս թողել հիմնական կազմից:

Ուկրաինայի առաջնության 21-րդ տուրում Դոնեցկի «Մետալուրգը» հյուրընկալվելիս 1:4 հաշվով պարտվել է Սիմֆերոպոլի «Տավրիային»: Կիսապաշտպան Արարատ Առաքելյանը դարձյալ բացակայել է «Մետալուրգի» կազմից: Արարատը հայտավորված է եղել հանդիպմանը, սակայն փոխարինման դուրս չի եկել: Առաքելյանը խաղադաշտ դուրս չէր եկել նաեւ նախորդ շաբաթ:

Նորվեգիայի առաջնության 2-րդ տուրում Լեւոն Պաչաջյանը «Ֆրեդրիկստադի» կազմում մասնակցել է «Ստրոմգոդսետի» հետ մրցավեճին, որում հայ ֆուտբոլիստի թիմը հաղթել է 2:0 հաշվով:

Ռումինիայի առաջնության 21-րդ տուրում Արման եւ Արտավազդ Քարամյանները մասնակցել են «Տիմիշոարայի» հանդիպմանը, որը հյուրընկալվել էր ետնապահներից մեկին' «Օտոպենին»: Հանդիպումը ավարտվել է 2:2 հաշվով: Արտավազդ Քարամյանը մասնակցել է ողջ հանդիպմանը, իսկ Արմանը փոխարինման է դուրս եկել 70-րդ րոպեին: