Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արոնյանը հաղթեց Ռաջաբովին

Սպորտ

Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը «Ամբեր» մրցաշարի 8-րդ տուրում 1.5:0.5 հաշվով առավելության հասավ ադրբեջանցի Թեմուր Ռաջաբովի նկատմամբ: Արոնյանը հաղթանակ տոնեց «կույր» շախմատի շնորհիվ:

8-րդ տուրի այս մրցամարտում Արոնյանը մրցակցի հետ ոչ-ոքի խաղաց արագ շախմատում, իսկ ահա «կույր» շախմատի կանոններով անցկացված պարտիայում Լեւոնը հաղթանակ տոնեց եւ 10 միավորով ընթանում է 2-րդ հորիզոնականում: Մրցաշարային աղյուսակը 10.5 միավորով գլխավորում է հնդիկ Վիշվանաթան Անանդը, որը 1.5:0.5 հաշվով պարտության մատնեց Վլադիմիր Կրամնիկին: Այստեղ եւս վճռորոշ դարձավ «կույր» պարտիան, որտեղ հաջողության հասավ Անանդը, իսկ արագ շախմատում գրանցվեց ոչ-ոքի:

Հաջող է հանդես գալիս նաեւ նորվեգացի Մագնուս Կառլսենը, որը դարձյալ 1.5:0.5 հաշվով առավելություն հասավ բուլղարացի Վեսելին Տոպալովի նկատմամբ: Կառլսենը ինչպես եւ Անանդը եւ Արոնյանը հաղթեց «կույր» պարտիայում տարած հաղթանակի շնորհիվ: Կառլսենը 10 միավորով եզրափակում է լավագույն եռյակը:

Մրցաշարի ավարտին մնացել է 3 տուր: 10-րդ տուրում Լեւոն Արոնյանի մրցակիցը կլինի Ռուսաստանի հավաքականի անդամ Ալեքսանդր Մորոզեւիչը: Վերջինս 7.5 միավորով ընթանում է 7-րդ հորիզոնականում: