«Չոր» հաշիվներ մեկնարկային տուրում
Աջակցիր «Ա1+»-ին
Ֆուտբոլի Հայաստանի 2009 թ, առաջնությունը սկսվեց «չոր» հաշիվներով: Մեկնարկային տուրում կողմերը հաղթանակներ տոնեցին սեփական դարպասը անառիկ պահելով: Տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Նաիրի» մարզադաշտում, որտեղ «Փյունիկը» մրցեց «Բանանցի» հետ:
Խաղի ելքը վճռեց 16-րդ րոպեին «Փյունիկի» առանցքային կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանի խփած գնդակը: Չեմպիոնը հաղթեց 1:0 հաշվով:
Տուրի եւս մեկ կենտրոնական հանդիպում կայացավ Կապանում, որտեղ «Գանձասարը» հյուրընկալել էր «Միկային»: Թեեւ կապանցիները սեփական հարկի տակ հազվադեպ են պարտվում, սակայն «Միկան» վստահ հաղթանակ տոնեց 2:0 հաշվով: 2 դեպքում էլ աչքի ընկավ «Միկայի» կոտդիվուարցի հարձակվող Բոտի Դեմելը: Այսպիսով, խորվաթ Իվո Շուշակի գլխավորությամբ «Միկան» հաղթանակով սկսեց իր ելույթները Հայաստանի առաջնությունում:
Գյումրիում տեղի «Շիրակը» 1:0 հաշվով առավելության հասավ «Արարատի» նկատմամբ, որը նախորդ առաջնության համեմատ զգալիորեն թուլացած կազմով է ներկայացել: Արդեն մեկնարկային տուրում փոխչեմպիոնը պարտություն կրեց նախորդ առաջնության ետնապահներից մեկի հետ պայքարում:
«Ուլիսը» Արթուր Քոչարյանի գոլի շնորհիվ 1:0 հաշվով առավելության հասավ «Կիլիկիայի» նկատմամբ:
Հայաստանի առաջնության 1-ին տուրից հետո հայտարարվեց ընդմիջում, քանի որ մարտի 28-ին եւ ապրիլի 1-ին Հայաստանի ազգային հավաքականը ընտրական հանդիպումներ է անցկացնելու Էստոնիայի հավաքականի հետ: