Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անգլիան կունենա առաջին կորուստը

Սպորտ

Այսօր տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի 2008-09 թթ. խաղարկության քառորդ եզրափակիչի վիճակահանությունը, որի արդյունքում անգլիական «Լիվերպուլը» եւ «Չելսին» կրկին դարձան մրցակիցներ: Հեղինակավոր անգլիական ակումբները նախորդ 4 խաղարկություններից 3-ում հանդիպել են կիսաեզրափակիչում:

Եվրոպայի ուժեղագույն ակումբի կոչման համար պայքարը շարունակում են 8 թիմեր, որոնցից 4-ը ներկայացնում են Անգլիան: Եթե մինչ այս անգլիական ակումբները շարժվում էին առաջ առանց կորուստների, ապա քառորդ եզրափակիչում Անգլիայի առնվազն մեկ ներկայացուցիչ կթողնի պայքարը: «Լիվերպուլը» եւ «Չելսին» կպայքարեն կիսաեզրափակիչի համար, իսկ ահա Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդը» մրցելու է պորտուգալական «Պորտուի» հետ:

 

Իսպանիայի առաջնության առաջատար «Բարսելոնայի» մրցակիցը կլինի Գերմանիայի չեմպիոն «Բավարիան»: Եվ վերջապես իսպանական «Վիլյառեալը» հանդիպելու է Լոնդոնի «Արսենալին»: Քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 7-ին եւ 8-ին, իսկ պատասխանները' ապրիլի 14-ին եւ 15-ին:

Կիսաեզրափակիչում «Վիլյառեալ»-«Արսենալ» զույգի հաթողը կհանդիպի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Պորտու» դիմակայությունում հաջողության հասած թիմին: Իսկ ահա անգլիական «Լիվերպուլ»-«Չելսիի» զույգի հաղթողին սպասվում է հանդիպում «Բարսելոնայի» կամ «Բավարիայի» հետ: Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության եզրափակիչում հանդիպեցին 2 անգլիական թիմեր' «Մանչեսթեր Յունայթեդը» եւ «Չելսին»:

Այս տարի բուքմեյքերները Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտ են համարվում «Բարսելոնային», որը բավական տպավորիչ խաղ է ցուցադրում Իսպանիայի առաջնությունում եւ առայժմ առանց դժվարությունների շարժվում է առաջ Չեմպիոնների լիգայում: