Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այս տարի ավելի դժվար է լինելու»

Սպորտ

«Անպայման պայքարելու են չեմպիոնությունը պահպանելու համար: Այս տարի մեզ համար ավելի դժվար է լինելու քան նախորդ տարի: Սպասելիքները մեծ են նաեւ ամռանը մեկնարկելիք Չեմպիոնների լիգայի նոր խաղարկությունից»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց Երեւանի «Փյունիկի» առանցքային ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանը' խոսելով վաղը մեկնարկելիք Հայաստանի առաջնության մասին:

18-ամյա Մալաքյանը եւ նրա խաղընկերներից շատերը «Փյունիկի» գլխավոր թիմի կազմում նախորդ տարի իրենց առաջին լիարժեք մրցաշրջանն էին անցկացնում, իսկ այս տարի, ըստ ֆուտբոլիստի, պատկերն այլ է. «Այս ժամանակահատվածում շատ բան է փոխվել: Թե ես, թե խաընկերներս ավելի ենք հասունացել եւ մեր խաղում առաջընթաց կա: Մեկ տարվա ընթացքում իրոք շատ բան է փոխվել: Կարծում եմ նախապատրաստական փուլն էր լավ անցավ եւ բարեբախտաբար առանց վնասվածքների ենք մոտենում առաջնությանը»:

Նախորդ մրցաշրջանում Էդգար Մալաքյանը հանդես էր կիսապաշտպանության տարբեր եզրերում: Դա նաեւ անկանկալի էր բերում մրցակիցներին: «Ինձ համար տարբերություն չկա, թե որ եզրում հանդես կգամ: Դա որոշում են մարզիչները: Որտեղ էլ որ հանդես գամ, պատրաստ եմ դուրս գալ խաղադաշտ եւ օգտակար լինել թիմին»,-նշեց երիտասարդ ֆուտբոլիստը:

Առաջնության մեկնարկից առաջ առայժմ «Փյունիկը» պաշտոնապես մեկ նոր պայմանագիր է կնքել: Խոսքը Մոսկվայի «Սպարտակի» պատանեկան թիմի ֆուտբոլիստ Արտակ Ալեքսանյանի մասին է, որը լավ տպավորություն է թողել Մալաքյանի վրա. «Արտակին բավական ջերմորեն ընդունեցինք թիմ, քանի որ նրան վաղուց ենք ճանաչում: Նախորդ տարի նա մի պահ ելույթ ունեցավ 19 տարեկանների հավաքականում, ուստի նա նոր ֆուտբոլիստ չէր «Փյունիկի» մի շարք խաղացողների համար: Նա շատ լավ ֆուտբոլիստ է, լավ տեսնում է խաղադաշտը եւ կարողանում վերջնական ճիշտ փոխանցումներ կատարել հարձակվողներին: Ալեքսանյանը մեզ համար շատ օգտակար խաղացող է»: