Հայ շախմատիստուհին կարող է դառնալ չեմպիոն
Աջակցիր «Ա1+»-ինՍանկտ Պետերբուրգում կայացան կանանց Եվրոպայի առաջնության բոլոր 11 տուրերը, սակայն չեմպիոնի անունը դեռ հայտնի չէ: 8.5-ական միավոր են վաստակել Լիլիթ Մկրտչյանը եւ Տատյանա Կոսինցեւան: Այս շախմատիստուհիների միջեւ էլ կկայանա թայ-բրեյքը:
Վերջին 11-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանը հաղթեց Մարինա Ռոմանկոյին եւ դուրս եկավ առաջին հորիզոնական: Սակայն Մկրտչյանին հասավ նաեւ Տատյանա Կոսինցեւան, որի հետ էլ հայ շախմատիստուհին կանցկացնի լրացուցիչ պարտիաները: Հայաստանի մյուս ներկայացուցիչները բավական համեստ արդյունքներ ցույց տվեցին: Սիրանուշ Անդրեասյանը 6.5 միավորով գրավեց 47-րդ հորիզոնականը, իսկ հավաքականի մեկ այլ անդամ' Լիլիթ Գալոյանը, 6 միավորով 58-րդն էր:
Ավարտվեց Ստամբուլում ընթացող կանանց ՖԻԴԵ-ի Գրան-պրիի առաջին խաղարկությունը: Հայաստանը ներկայացնող Էլինա Դանիելյանը 11-րդ տուրում պարտության մատնեց չինացի Հու Զաոյին եւ 8 միավորով հանգրվանեց 2-րդ հորիզոնականում: Աշխարհի ուժեղագույն շախմատիստուհիների հետ պայքարում Դանիելյանը բավական հաջող հանդես եկավ եւ զգալիորեն բարելավեց իր անհատական վարկանիշը:
Իսկ հաղթողի կոչումը 8.5 միավորով նվաճեց Հնդկաստանի ներկայացուցիչ Համպի Կոներուն: